Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց Մասիս քաղաքի ուխտավորներին

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց Մասիս քաղաքի ուխտավորներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց Մասիս քաղաքի ուխտավորներին

Հունիսի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում ընդունեց Արարատյան հայրապետական թեմի Մասիս քաղաքի Ս. Գևորգ եկեղեցու համայնքի անդամներին և ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոնի սաներին՝ առաջնորդությամբ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Աշոտ քահանա Սաֆարյանի։

 

Աշոտ քահանան Վեհափառ Հայրապետին ներկայացրեց ուխտավորներին՝ անդրադառնալով նաև համայնքի հոգևոր կյանքին, ինչպես նաև ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնում իր կողմից իրականացվող հովվական ծառայությանը: 

 

Ողջունելով ուխտավորներին` Ամենայն Հայոց Հայրապետն իր սերն ու օրհնությունը բերեց նրանց և իր գնահատանքը փոխանցեց հոգևոր հովվին արդյունավետ սպասավորության համար: 

 

Նորին Սրբությունը հաստատեց, որ Եկեղեցին զորեղ է իր հավատացյալներով, եկեղեցական կյանքում նրանց ներգրավվածությամբ, ինչի լավագույն ապացույցն է դեպի Մայր Աթոռ հոգևոր հովվի գլխավորությամբ կազմակերպված ուխտագնացությունը: 

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձ կատարեց համայնքային-ծխական կյանքի կարևորությանը` ուրախությամբ ընդգծելով, որ Հայոց ցեղասպանության և խորհրդային տարիների հետևանքով գրեթե ամբողջությամբ կազմալուծված ծխական կյանքն այսօր վերակազմակերպվում է: Վեհափառ Հայրապետը նաև տեղեկություններ փոխանցեց ներկաներին այս ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ:

 

Հանդիպման ընթացքում Գարեգին Բ Կաթողիկոսն անդրադարձավ Եկեղեցու հովանու ներքո գործող խնամատար կենտրոնների, այդ թվում նաև Երեխաների աջակցության կենտրոնի օգտաշատ գործունեությանը` գնահատելով դրանցում ապաստանած մանուկների և պատանիների նկատմամբ դրսևորվող սերն ու հոգատարությունը: 

 

Նորին Սրբությունը հորդորեց ուխտավորներին շարունակել ապրել ավետարանական պատգամներով և տերունավանդ սիրո մեջ, զորացնել իրենց հավատքը` վստահություն հայտնելով, որ հասարակական կյանքում տեղ չեն գտնի անընդունելի երևույթներ, եթե այն շաղախված լինի քրիստոնեական արժեքներով և սիրով: Ամենայն Հայոց Հայրապետը մաղթեց, որ Աստծո օրհնության ներքո նրանց հոգում մշտապես անպակաս լինեն հոգևոր բերկրանքն ու ցնծությունը:

 

Հանդիպման ընթացքում ուխտավորների կողմից կատարվեցին Կոմիտասի «Կռունկ»-ը և Ս. Պատարագից «Սուրբ, Սուրբ»-ը:

 

Տեսահոլովակը կարող եք դիտել այստեղ

 

Աղբյուր՝ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ

  • 2018-06-22
×