Հուլիսի 7-ին ԱՀԹ Քանաքեռի Ս. Հակոբ եկեղեցու համայնքի 3 զոհված և միաժամանակ երկու զինծառայող ունեցող 15 ընտանիքներ ստացել են «Մենք մեր զինվորի կողքին ենք» բարեգործական ծրագրով նախատեսված գումարները: Եկեղեցու ծիսակատար Տ. Բարսեղ ավագ քահանա Ղազարյանը համայնքի անդամների հետ այցելել է զոհված զինվորների ընտանիքներ, տնօրհնեքի կարգ կատարել: Օրվա երկրորդ կեսին Ս. Հակոբ եկեղեցում էին հավաքվել երկու զինծառայող ունեցող ընտանիքնների անդամները:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական ծառայությունների տնօրեն հոգեշնորհ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանի գլխավորությամբ եկեղեցում կատարվել է օրհնության կարգ և պահպանիչ աղոթք է կարդացվել ծառայող զինվորների համար:
Հուլիսի 4-ին «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրով Նորք Մարաշի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Զաքարիա քահանա Ավետիսյանը երիտասարդաց միության անդամների հետ այցելել է համայնքի 1 զոհված զինվորի և երկու զինծառայող ունեցող 8 ընտանիք: Տեր հայրը տնօրհնեքի կարգ է կատարել և նրանց բաշխել աջակցության գումարը: Վաղը՝ հուլիսի 8-ին, Վեդու տարածաշրջանի 16 ընտանիքները կստանան «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրով նախատեսված աջակցությունը: