Ութ տարի առաջ գերմանացիներից վերցված փորձն այսօր արդեն տվել է իր արդյունքները:
Հունիսի 27-ին կայացավ «Ընթերցման հանրապետական օլիմպիադայի» փակման արարողությունն ու մրցանակաբաշխությունը: Օլիմպիադան անցկացվում է Կրթության և գիտության ու Մշակույթի նախարարությունների, «Անտարես» հրատարակչության և Հայ գրականության հիմնադրամի համատեղ ջանքերով: Նպատակը ընթերցման նկատմամբ հետաքրքրության խթանումն է և հայ հասարակության համար ինտելեկտուալ սերունդ ձևավորելը: Այս նախաձեռնության շնորհիվ աշակերտներից յուրաքանչյուրը հնարավորություն ունեցավ արժանանալու տարբեր մրցանակների օլիմպիադայի հովանավորների կողմից և, ի վերջո, «հերոսի» կոչման իր դպրոցական շրջապատում:
Մասնակիցներին մրցանակ հանձնվեց նաև Արարատյան Հայրապետական թեմի կողմից: Թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի կողմից լավագույն տասը մասնակիցները ստացան երկօրյա նվեր-ճանապարհորդություն դեպի Արցախ:
Տեր Եսայի քահանա Արթենյանը ողջունեց ներկաներին, նրանց փոխանցեց Սրբազան հոր օրհնությունը և ընդգծեց գրքերի և ընթերցանության կարևորությունը հատկապես ներկա ժամանակաշրջանում:
Օլիմպիադան իրականացվում է արդեն 8-րդ տարին անընդմեջ: Դրան մասնակցում են Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցների 6-րդ դասարանի աշակերտները:
«Գերմանացիներն ասում են, որ յուրաքանչյուր եվրո ներդրված ընթերցանության մեջ վերադարձնում է իրենց երկրին 30 եվրո: Մենք էլ հույս ունենք, որ ներդրածի արդյունավետությունը նույնչափ էֆֆեկտիվ կլինի,- ելույթի ընթացքում շեշտեց «Անտարես» հրատարակչության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը:
Մասնակից երեխաներից մեկի կարծիքով գիրքը պատուհան է դեպի նոր աշխարհ: Նոր հորիզոններ, նոր աշխարհներ, նոր մարդիկ, նոր գիտելիքներ ու ծանոթություններ, սրանք այն հրաշքներն են, որոնք որպես պարգև ստանում է յուրաքանչյուր ընթերցող:
Հասմիկ Թամամյան