Հունիսի 29-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն ընդունեց ԱՀԹ երիտասարդական կառույցների հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանին և թեմի երիտասարդական կառույցների անդամներին:
15 երիտասարդներից կազմված պատվիրակությունը հուլիսի 4-8-ը մասնակցելու է Հայ Եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման համահայկական երիտասարդական ուխտագնացությանը: Ուխտագնացությանը մասնակցելու են Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերի երիտասարդները: Այս տարի այն անցկացվում է «Դեպի Հայրենիք, դեպի Սուրբ Էջմիածին» խորագրով:
Երիտասարդները համաժողովին մասնակցելուց առաջ ստացան Նավասարդ Սրբազանի օրհնությունը: Սրբազան հայրը խոսեց եկեղեցական համայնքային կյանքում երիտասարդների մասնակցության, Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու առաքելության մեջ երիտասարդների դերի կարևորության մասին: Բարձր գնահատելով նրանց ակտիվությունը՝ Նավասարդ Սրբազանն իր հայրական օրհնությունը բաշխեց և հորդորեց հաստատուն պահել հայ եկեղեցու երիտասարդաց միությունների անդամ լինելու իրենց հանձնառությունը:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին