Հունիսի 30-ին Հայաստանի տարբեր թեմերից բազմաթիվ ուխտավորներ անսալով Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի նախորդ օրվա հորդորին՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի փոխարեն ուխտավորաբար հավաքվել էին Ս. Երրորդություն եկեղեցում: Կատարվեց կիրակնամտի ժամերգություն: Ժամերգությանը, անակնկալ կերպով, ներկա գտնվեց նաև Վեհափառ հայրապետը և իր հայրական օրհնությունը բաշխեց ներկա ուխտավորներին:
Ժամերգության ավարտին Վեհափառ հայրապետը համախմբված հոգևորականներին և հավատացյալներին պատգամեց` առաքյալների օրինակով քայլել անվարան և խնդրել Երկնավորին` հովանի լինել Հայոց երկրին։
«Մեր լուսեղեն հավատքը մենք դարձրեցինք մեր մաշկի գույնը` հռչակելով, որ այդ հավատքը մեր ինքնությունն է, մեր էությունն է: Մենք հռչակեցինք մեզ Տիրոջ հավատարիմ սեփական ժողովուրդ: Մեր հավատքով զորացանք, մեր հավատքով դիմակայեցինք բոլոր փորձություններին ու դժվարություններին: Կերտեցինք մեր հաղթանակները»:
Իր խոսքում Վեհափառ հայրապետն անդրադարձավ նաև մի խումբ հայորդիների կողմից կազմակերպված բողոքի ցույցերին. հորդորեց չանհանգստանալ` հույս հայտնելով, որ Տիրոջ կամոք խաղաղությունը կվերականգնվի։ Հանդիպումը եզրափակվեց «Հայրապետական մաղթանքով»:
Զարա Ղազարյան