Օծվեց Դաշտավան համայնքի նորակառույց եկեղեցին

Օծվեց Դաշտավան համայնքի նորակառույց եկեղեցին

 Հուլիսի 6-ին օծվեց Արարատյան Հայրապետական թեմի Դաշտավան համայնքի  նորակառույց եկեղեցին՝ ձեռամբ Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանի: Եկեղեցու շինարարությունը մեկնարկել էր դեռևս 2012թ.: Սրբազան  Հայրը սրբալույս մյուռոնով  նախ  օծեց եկեղեցու տասներկու   սյուները,  ավազանը, խորանը, խորանի ճակատը և  Սուրբ Սեղանը: Եկեղեցին անվանակոչվեց Սուրբ Մարիամ Աստվածածնի անվամբ:  Գերաշնորհ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը համայնքին և բարերարին փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունն ու գնահատանքը:

 

Սիրոն Սրբազանն իր օրհնությունը բաշխեց ներկաներին և հույս հայտնեց, որ նորակառույց եկեղեցին դառնալու է համախմբող, օրհնություն պարգևող օրրան։ 

 

Դաշտավան համայնքը եկեղեցի չի ունեցել: Եկեղեցու բարերար Սահակ Մուրադյանի ջանքերով կառուցվել է գողտրիկ մի եկեղեցի՝ գեղեցիկ ու խնամված այգով: Եկեղեցու բակում տեղադրված է երկու խաչքար՝ մեկը Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին, մյուսը՝ Արցախյան ազատամարտի ժամանակ զոհված զինվորների: 

 

 

Օծման արարողությունից հետո Նորաբացի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Մարտիրոս ավագ քահանա Ավետիսյանը նորաօծ եկեղեցում մատուցեց Ս. Պատարագ: Արարողության ավարտին տեր և տիկին Մուրադյաններին Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց հայրապետի Սրբատառ կոնդակով շնորհվեց Ներսես Շնորհալի շքանշան:

Դաշտավանցիների համար օրը իսկական տոն էր, նրանց խոսքով եկեղեցին կդառնա հոգևոր կյանքի զորացման և աստվածային ներգործուն զորության գրավականը:

 

Տեղի ունեցավ նաև մատաղի հյուրասիրություն, որին հաջորդեց տոնական երգն ու պարը:

 

 

 

Զարա Ղազարյան

  • 2018-07-07
×