Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն օրհնեց Արարատյան Հայրապետական թեմի մանուկներին

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն օրհնեց Արարատյան Հայրապետական թեմի մանուկներին

Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն օրհնեց Արարատյան Հայրապետական թեմի մանուկներին

Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն  օրհնեց Արարատյան Հայրապետական թեմի մանուկներին Երեկ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Քրիստոսի հրաշափառ մուտքը Երուսաղեմ՝  Ծաղկազարդը:  Այդ առթիվ բոլոր եկեղեցիներում մատուցվեց Ս. Պատարագ:ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ս. Պատարագը մատուցվեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.  Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Պատարագիչը նույն եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Շահե քահանա Հայրապետյանն  էր:Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ  Ծաղկազարդը հռչակված է մանուկների օրհնության օր, քանի որ մանուկներն էին, որ տաճարում Հիսուսին ողջունեցին «Օվսաննա, օրհնություն Դավթի որդուն» աղաղակելով:Ս. Պատարագի ընթացքում Տ. Նավասարդ Սրբազանի գլխավորությամբ հավատացյալները ընդհանրական աղոթք առաքեցին առ Բարձրյալն Աստված, ապա Սրբազան հայրն օրհնեց մանուկներին: Դիմելով ներկաներին Սրբազան հայրը մասնավորապես ասաց. «Երբ Հիսուս փառավոր մուտք գործեց Երուսաղեմ, մարդիկ սպասում էին, որ պետք է գա Մեսիան, ով պետք է իրենց ազատի աշխարհիկ բռնակալներից: Բայց, պարզ ավանակի վրա տեսնելով Հիսուսին, շատերը հիասթափվեցին: Եվ թերևս մանուկները միակն էին, ովքեր այդպես չմտածեցին, այլ ընդունեցին, որ երկնքից Տերը խոնարհվել է մեզ համար, որպեսզի երկրաքաղաքացին դառնա երկնաքաղաքացի:  Այս մանուկները, որ հավաքվել են այստեղ, երկնաքաղաքացի են և Աստծո խոսքն ընդունող ամենամաքուր անոթը: Նրանք չեն մտածում, որ Տերը եկել է իրենց հոգսերը հոգալու: Նրանք գիտեն, որ Տիրոջ շնչով արարված արարածներ են: Եթե տարիների հետ նրանք մնան այսպես մաքուր, ապա որակական այլ Հայաստան կունենանք: Օրհնենք իրենց, որ Աստված Իր Զորավոր Աջով պահի, պահպանի այս մաքուր, անարատ, անմեղ հոգիները: Աստված օրհնի ձեզ, սիրելի՛ մանուկներ, ձեր ճանապարհը, ձեր ծնողներին, որպեսզի մեծանաք, հասակ առնեք և տարածեք Աստծո Սերը»:   Երեկոյան ժամերգության ընթացքում կատարվեց դռնբացեքի արարողությունը: Այն միշտ կատարվում է Ծաղկազարդին՝  երեկոյան ժամերգության ավարտին (ծիսակարգը կատարվում է նաև նորակառույց եկեղեցու բացման արարողության ժամանակ): Այն  խորհրդանշում է նախամուտքը, որ ուղեկցում է դեպի Քրիստոսի չարչարանքների Ավագ շաբաթը: Դռնբացեքը կատարվում է եկեղեցու դռների, եկեղեցու գավթի դռան կամ Ս. Խորանի վարագույրի առաջ: Այդ դուռը կամ վարագույրը Երկնքի արքայության դռների խորհուրդն ունեն, որոնցից դուրս ժողովուրդը իր հոգևորականի շուրթերով խնդրում է Աստծուն ներս թողնել Արքայություն: Քահանան աղոթքի ու երգեցողության ընթացքում թակում է դուռը կամ գետինը՝ ի նշան ավետարանական այն խոսքի, թե «…ծեծեք և կբացվի, խնդրեք և կտրվի»:

Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան

  • 2014-04-14
×