«Կյանքի խոսքի» աղանդավորներն անորոշության մեջ են, հատկապես, երբ իրենց հիմնադիրը` Ուլֆ Էքմանը, դարձավ Կաթոլիկ եկեղեցու անդամ. այս մասին այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարեց Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եսայի քահանա Արթենյանը: Նրա տեղեկացմամբ, «Կյանքի խոսքի» մի շարք աղանդավորներ, այդ դեպքից հետո, միացան Առաքելական եկեղեցուն: Ըստ քահանայի ներկայցրած տվյալների` 5 օրվա ընթացքում 25 հոգի դուրս է եկել այնտեղից և միացել իրենց եկեղեցուն, այդուհանդերձ, նա խնդիրը լուծված չի համարում: «Իմ մտահոգությունն այն է, որ շատ և շատ աղանդավորներ, որոնք այլևս չեն գնում «Կյանքի խոսք», նրանց շանտաժ են անում` ասելով, որ եթե չգան և չվճարեն տասանորդ, իրենց ընտանիքի հետ դժբախտություն կպատահի»,-նշեց ՏերԵսային: Այն հարցին, թե չկա՞ն արդյոք հատուկ մարմիններ, որոնք կարող են զբաղվել նրանց պաշտպանությամբ և պատժել ահաբեկողներին, քահանան պատասխանեց. «Ես շատ ուրախ կլինեմ, որ գտնենք մի միջոց: Բավականին շատ եմ մտածել այդ ուղղությամբ, սակայն նրանք գաղտնի են գործում, և նույն շանտաժի ենթարկված մարդիկ վախենում են բարձրաձայնել, բայց մենք նրանց հավաստիացնում ենք, որ եթե տասանորդ չտան «Կյանքի խոսքին», ինչպես նաև լքեն այն, իրենց ընտանիքը հաստատ չի տուժի»: Նրա խոսքով, «Կյանքի խոսքը» Ավետարանական եկեղեցու հետ կապ չունի: «Ինչքան էլ որ նրանք պնդեն, թե իրենց հովիվը Ամենայն հայոց հայրապետի օրհնությունն է ստացել, իրականում նման բան չկա: Ավետարանական եկեղեցին Եվրոպայում իրենց մերժել է, հայտարարելով, որ «Կյանքի խոսքը» չի կարող առնչություն ունենալ Ավետարանական եկեղեցու հետ»,-հավաստիացրեց Տեր Եսային: Քահանան հայտնեց նաև, որ Ավետարանական եկեղեցիներ հաճախող մարդկանց թիվը Հայաստանում շուրջ 10.000 է:
Մարիանա Պետրոսյան
aravot.am kotaykitem.am armversion.am panorama.am aysor.am nyut.am yerkir.am ter-hambardzum.net armworld.am