Խոսել գործերով

Խոսել գործերով

Հուլիսի 19-ին Ս. Երրորդություն եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Պարթև քահանա Մուրադյանի գլխավորությամբ, ուխտագնացության մեկնեց Շիրակի մարզի սրբավայրեր:
 

Ուխտագնացության նպատակը միայն սրբավայրեր այցելելն ու աղոթական ուղի անցնելը չէր: Երկար ժամանակ է, ինչ համայնքի անդամները փորձում են կազմակերպել և իրականացնել բարեգործական ծրագիր, որն էլ ավելի կիմաստավորեր իրենց ուխտագնացությունները:
 

Բարեգործությունը քրիստոնեական կենցաղավարության ու բարեպաշտության հիմնական և անհրաժեշտ դրսևորումներից է: Այն «Ինչպես որ մեռած է մարմինը առանց հոգու, այնպես էլ մեռած է հավատը առանց գործերի» (Հակոբոս 2:26) պատգամի իրական արտահայտումն է: Աստվածաշնչյան այս տողերի իրագործման ճանապարհն են բռնել Ս. Երրորդություն եկեղեցու հավաացյալ ուխտավորները:
 

Ծրագրի առաջին կանգառը եղավ Հոռոմ գյուղում: Համայնքի կողմից հավաքված նվերները, գրենական պիտույքները և այլ իրեր բաժանվեցին գյուղի նախակրթարանի սաներին:
 

Այնուհետև ուխտավորները այցելեցին Ս. Հռիփսիմե խոնարհված եկեղեցի, որտեղ աղոթք բարձրացրին առ Աստված եկեղեցու պայծառության և նորոգության համար:
 

Մարմաշեն գյուղի Վահրամավանքում մասնակցեցին Խաղաղական ժամերգության: Ապա Գյումրու Յոթ Վերք եկեղեցում մասնակցեցին Երեկոյան ժամերգությանը:
 

Սրանով, սակայն, չավարտվեց ուխտավորների առաքելությունը: Նրանք այցելեցին նաև Հոռոմ գյուղում բնակվող ապրիլյան պատերազմում զոհված Տիգրան Պողոսյանի ընտանիքին, որտեղ եկեղեցու Տիկնանց միության անդամ տիկին Հռիփսիմեի բարերարությամբ դրամական օգնություն հանձնվեց զոհվածի ծնողներին:
 

«Օգուտն ի՞նչ է, եթե մեկն ասի, թե հավատ ունի, սակայն հավատն արտահայտող գործեր չունենա: Միթե հավատը նրան կկարողանա փրկել» (Հակոբոս 2:14): Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս Իր քարոզության ողջ ընթացքում սովորեցրեց մեզ գործուն հավատք և սեր ունենալ Աստծո և մարդկանց նկատմամբ:
 

Քրիստոնյայի կյանքը չպետք է խոսք լինի, այլ գործ: Քրիստոնյան պետք է խոսի իր գործերով, այլապես անարժեք և սին կլինեն նրա խոսքերը:
 

Այս ուխտագնացությունը եղավ առաջինը, բայց ոչ վերջինը ուխտավորների համար: Բարեգերծ ուխտավորները դեռ երկար ուխտի ճանապարհ պետք է անցնեն:
 

Հասմիկ Թամամյան

  • 2018-07-19
×