Ներքին Դվինի Ս. Հարություն եկեղեցու բակում համայնքի երեխաներն անցկացրին ամառային արձակուրդների իրենց սիրելի հատվածը:
Հունիսի 29-ին եկեղեցու բակում բացվեց ամառային ճամբարը: Աղոթքով, Տեր հոր օրհնությամբ և փոքրիկների երգով ու պարով սկսվեց առաջին օրը:
Ամեն օր՝ ժամը 17:00-20:00, Կիրակնօրյա դպրոցի ուսուցչուհի Լուսինե Թադևոսյանը կատարում էր սուրբգրային ընթերցումներ, սովորեցնում էր աղոթքներ, պարեր ու երգեր: Երեխաները նաև խաղում էին, վայելում օրակարգով նախատեսված ազատ ժամանցը:
Ճամբարի 10-րդ օրը համընկավ Վարդավառի տոնի հետ: Այդ օրը երեկոյան Ս. Հարություն եկեղեցու այգում ճամբարականներն ու հյուրերը մասնակցեցին խաղահրապարակի բացմանը: Հուլիսի 8-ին «Հայորդի» բացատում հանդիսավորությամբ բացվեց ուխտավորի սեղանը, որն ունի 6 մետր երկարություն: Սոս Վարդանյանը և Արթուր Հայրապետյանը արժանացան շնորհակալագրերի՝ Ներքին Դվինի Ս. Հարություն եկեղեցու բարեկարգման գործում ներդրած ավանդի համար:
Ճամբարականները այդ օրը վայելեցին նաև մուլտֆիլմից ժամանած հերոսների ընկերակցությունը և համերգային ծրագիրը: Լուսինե Թադևոյանի գլխավորությամբ՝ ճամբարի սաները գունավոր թղթերով և փուչիկներով զարդարել էին եկեղեցու ամբողջ տարածքը:
Փոքրիկների խնդրանքով ևս մեկ շաբաթով ավելացավ ճամբարի համար նախատեսված ժամանակը: Հուլիսի 20-ին՝ ճամբարի փակման օրը, երեխաներն ընթերցեցին իրենց շարադրությունները եկեղեցու բակում անցկացված օրերի մասին:
Ներկայացրին մաքրամեի ուսուցման ժամին իրենց կատարած աշխատանքներն ու նկարները: Ճամբարային օրերը՝ նույն դասացուցակով կշարունակվեն արդեն միայն կիրակի օրերին, մինչև ամառային արձակուրդների ավարտը: Իսկ սեպտեմբերից փոքրիկները կմասնակցեն Կիրակնօրյա դպրոցի դասընթացներին:
Անուշիկ Ասլանյան