«Մենք մեր զինվորի կողքին ենք»

«Մենք մեր զինվորի կողքին ենք»

Երեկ՝ հունսի 4-ին, Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Գրիգոր քահանա Հովհաննիսյանը հոգեհանգստի կարգ է կատարել Գետափնյա գյուղում՝ Մուշեղ Պետրոսյանի շիրիմի մոտ՝ նրա մահվան 10-րդ տարելիցի օրը: Մ. Պետրոսյանը մահացել է ՀՀ ԶՈՒ ծառայության ընթացքում՝ մարտական հերթապահության ժամանակ: Մ. Պետրոսյանի ընտանիքը մեկն է այն ընտանիքներից, ովքեր ընդգրկվել են ԱՀԹ երիտասարդական կառույցների կազմակերպած բարեգործական ծրագրի մեջ:

 

Ծրագիրը, որ իրականացվել է ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի աջակցությամբ ու օրհնությամբ, նպատակ ունի հարգանքի տուրք մատուցել բոլոր զինվորներին, ովքեր հերոսաբար պաշտպանել և պաշտպանում են մեր Հայրենիքի սահմանները: Փետրվարի 15-ին՝ Ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ, կազմակերպված բարեգործական ճաշի ընթացքում հավաքված 50 մլն դրամը բաշխվելու է ՀՀ ՊՆ տրամադրած ցուցակներով 2004-2014 թթ. Արարատյան Հայրապետական թեմի (Երևանի և Արարատի մարզի) զոհված զինվորների ընտանիքներին, առաջին կարգի հաշմանդամություն ստացած զինվորներին, այս պահին երկու և ավելի զինծառայողներ ունեցող ընտանիքներին: ԱՀԹ հոգևորականներն ու տարբեր եկեղեցիների համայնքներն ու երիտասարդական կառույցներն առաջին անգամ չէ, որ հայ զինվորին իրենց ուշադրությունն են ցուցաբերում:

 

Ամեն տարի Ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ բազմաթիվ այցելություններ ու ծրագրեր են իրականացվում ՀՀ զորամասերում, զինվորական հոսպիտալներում և ռազմական կրթօջախներում: Հայոց բանակի տոնի առթիվ հունվարի 28-ին թեմի եկեղեցական համայնքները քահանաների հետ այցելեցին ՀՀ ԶՈՒ-ի տարբեր զորամասեր: Տ. Նավասարդ Սրբազան հոր օրհնությամբ նախաձեռնությանը մասնակցում էին բոլոր եկեղեցիների համայնքներն ու քահանաները: Նրանք դատարկաձեռն չէին գնացել զորամասեր. իրենց հետ տարել էին զինվորներին անհրաժեշտ պարագաներ, հոգևոր գրականություն. գրպանի աղոթագրքեր, «Նարեկ» մատյաններ, հոգևոր ֆիլմերի հավաքածուներ, գուլպաներ, արդուկներ, վարսահարդարման գործիքներ և այլն:

 

Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան

  • 2021-09-07
×