ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցու համայնքն արդեն յոթ տարի անընդմեջ Սևանա լճի ափին կազակերպում է ճամբար հաշմանդամություն ունեցող երեխաների, կիրակնօրյա դպրոցի սաների, համայնքի անապահով ու բազմազավակ ընտանիքների մանուկների համար:
Ծրագրի նախնական շրջանում ճամբարին մասնակցում էին միայն Մ. Իզմիրլյանի անվան մանկատան երեխաները, սակայն ճամբարի մասնակիցների թիվն այսօր համալրվել է նաև այլ՝ առողջ երեխաներով: Ծնողները կարևորեցին այս քայլը նշելով, որ իրենց երեխաները տասն օր շարունակ ապրում են կարիքավոր երեխաների հետ և զուգահեռաբար սովորում են հավասարություն, կարեկցանք, ընկերություն:
Ճամբարում երեխաները, հանգստին ու խաղերին զուգահեռ, մասնակցում են նաև հոգևոր թեմաներով զրույցների: Ծնողները նշում են, որ ճամբարից հետո փոփոխություն են զգում երեխաների մեջ: Իսկ շատ ծնողներ էլ կամավորագրվում են ճամբարում երեխաներին հոգ տանելու համար:
Այս տարի ճամբարը կգործի հուլիսի 22-ից օգոստոսի 1-ը: Երեցկին Անահիտ Հովհաննիսյանը, ով ղեկավարում է ճամբարի ընթացքը, նշում է, որ սա մեծ փորձառություն և դաս է նախ իր, ապա՝ երիտասարդ քրիստոնյաների համար:
Ծրագրի նպատակը, սոսկ հանգիստ կազմակերպելը չէ, այլ՝ սիրո, ընկերության, ի վերջո ընտանեական մթնոլորտ ստեղծելը: Մեկ ճամբար՝ մեկ ընտանիք:
Զարա Ղազարյան