Օգոստոսի 20-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և ԱՀԹ երիտասարդաց միությունների հոգևոր համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ տեղի ունեցավ թեմի երիտասարդաց միությունների ատենապետերի հերթական ժողովը:
Ժողովի ընթացքում քննարկվեցին առաջիկա ծրագրերը, մասնավորաբար՝ Ս. Աստվածածնի ծննդյան և Խաչվերաց տոների առթիվ ամենամյա թեմական միջոցառումները: Երիտասարդներն, ավանդույթի համաձայն, Ս. Տիրամոր ծննդյան տոնի առթիվ կրկին կայցելեն ծննդատուն, իսկ Խաչվերացի նախօրեին կիրականացնեն «Խաչի քարոզ»:
Տարվա ընթացքում այսպիսի հանդիպումներ կազմակերպվում են պարբերաբար, քանի որ երիտասարդական ծրագրերը բազմաթիվ են: Դրանց ընթաքում քննարկվում են միությունների անելիքները, նոր ծրագրերը, հին ծրագրերում փոփոխություններ ու թարմացումներ անելու անհրաժեշտությունը:
ԱՀԹ երիտասարդաց միությունների ամենամյա ծրագրերից են Հայ Եկեղեցու և ժողովրդական տոների առթիվ, մասնավորապես՝ Ս. Հարության, Ս. Սարգսի, Բարեկենդանի, Համբարձման, Վարդավառի, իրականացվող միջոցառումները, քայլերթերն ու ազգագրական համերգները, որոնք նպատակ ունեն վերարթնացնել ավանդական մշակույթը: Ամեն տարի կազմակերպվում են նաև «Բերքի լավագույնը զինվորին», Աբգար արքային նվիրված միաժամանակյա շախմատի փառատոնը:
Երիտասարդաց միության անդամները նշում են,որ հոգևոր կյանքը միայն աղոթքը չէ, այլ պետք է նաև գործել:
-Միության ծրագրերը հիմնականում ֆինանսավորվում են թեմի կողմից, բայց շատ հաճախ երիտասարդները սեփական նախաձեռնությամբ սեփական գումարն են դնում ի նպաստ որևէ ծրագրի կամ գործի: Դա երիտասարդին սովորեցնում է մշտապես չլինել սպառողի դերում,- ասում է Տ. Պետրոսը:
Իսկ հարցին, թե ի՞նչ է պետք երիտասարդաց միություներին անդամագրվելու կամ ծրագրերին մասնակցելու համար, Տեր հայրը պատասխանեց.
-Սեր: Մենք Քրիստոսի սիրո շուրջ ենք հավաքվում՝ ինչպես դրանից բաժին ունենալու, այնպես էլ՝ տարածելու համար:
Զարա Ղազարյան