Օգոստոսի 24-ից 26-ը Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և Նոր Նորքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զարեհ քահանա Աշուրյանի նախաձեռնությամբ, եկեղեցու «Որդիք Լուսոյ» երիտասարդաց միության անդամների համար Շորժայում կազմակերպվել էր հոգևոր ճամբար, որին մասնակցեց շուրջ 3 տասնյակ երիտասարդ:
Նախաձեռնության նպատակն էր երիտասարդների համար կազմակերպել ճամբար, որտեղ կիրականացվեին հոգևոր զրույցներ՝ քրիստոնեական կենցաղավարությանը և բարոյական արժեքների մասին:
Սովորաբար միության անդամներն են ծրագրեր կազմում և իրականացնում համայնքի համար, բայց այս նախաձեռնությունն Նոր Նորքի Ս. Աստվածածին համայնքի համար առաջինն էր, որ կազմակերպվել էր հատուկ երիտասարդաց միության անդամների համար: Արարատյան Հայրապետական թեմի մի շարք համայնքներում հաճախ են կազմակերպվում հավաքներ, ճամբարներ, ուխտագնացություններ, որոնք զորացնում ու ամրացնում են երիտասարդների հավատքը:
Նմանատիպ նախաձեռնությունները կարևոր են եկեղեցասեր երիտասարդների համար, քանի որ մայրաքաղաքի աղմուկի և մշտազբաղ կենցաղի մեջ հեշտ չէ կանգ առնել և խոկալ բնության, կյանքի, Աստծո արարչության և մարդ-Աստված հարաբերությունների մասին:
Զարա Ղազարյան