«…ՊԱՅԾԱՌԱՑԻ՛Ր, ԵՐՈՒՍԱՂԵ՛Մ, ԶԱՐԴԱՐԻ՛Ր ՔՈ ԴՌՆԵՐԸ, ՔԱՂԱ՛ՔԴ ԱՍՏԾՈ, ՔԱՆԻ ՈՐ ՔՐԻՍՏՈՍ ԱՍՏՎԱԾ ՓԱՌԱՑ ԱԹՈՌԻՑ ԱՅՍՕՐ ՔՈ ՄԵՋ Է ՄՏՆՈՒՄ ՆՈՐ ԱՎԱՆԱԿԻ ՎՐԱ ՆՍՏԱԾ»:
(Շարակնոց) Սիրեցյա՛լ զավակներ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու, Հայոց Եկեղեցին ապրիլի 13-ին տոնախմբում է մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքի (Ծաղկազարդ) հիշատակը: Այդ օրը Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի բարձր կարգադրությամբ հայտարարվել է Մանուկների օրհնության օր, քանզի Տիրոջ տաճար մտնելու ժամանակ մանուկները բարձրաձայնելով՝ ասում էին. «Օրհնությո՜ւն Դավթի որդուն» (Մատթեոս ԻԱ 15): Աստվածորդին Իր եռամյա քարոզչության ընթացքում բազում անգամներ եղավ Երուսաղեմում, բայց, այնուհանդերձ, Ավետարաններում այդ մուտքերից ոչ մեկն իբրև «հաղթական մուտք» չներկայացվեց. մարդ արարածն անկարող եղավ ըմբռնելու աստվածային ծրագրերը: Եվ երբ ժամը եկավ, Միածին Որդին, բազմահազար թափորի ուղեկցությամբ, ավանակի վրա նստած, ինչպես «Փառաց Թագավոր»՝ մուտք գործեց Երուսաղեմ. «Եվ շատերը իրենց զգեստները փռում էին նրա ճանապարհի վրա: Եվ նրանք, որ առաջից ու ետևից էին գնում. աղաղակում էին ու ասում. «Օվսաննա՜ Բարձրյալին. օրհնյա՜լ լինի Նա, որ գալիս է Տիրոջ անունով…» (Մարկոս ԺԱ 8-9): Մուտքը հաղթական էր և կարևոր այնքանով, որ ազդարարում էր Հիսուս Քրիստոսի աստվածային հեղինակության «պարուրուած կոկոնին բացուիլը», ինչպես նաև հետագա տնօրինությունների կատարումը, որոնց վրա ապագայում առաքյալները պետք է կառուցեին Քրիստոսի Ընդհանրական Սուրբ Եկեղեցին: Սիրելինե՛ր, Հայոց եկեղեցիներում բաժանվող ուռենու օրհնյալ ոստերը խորհրդավորաբար հորդորում են ամենքիս պահել Տիրոջ պատվիրանները, ծաղկել և պտղաբեր դառնալ, բազմապատկել Նրանից պարգևված շնորհները, ըստ այնմ. «Արդարներն արմավենու պես կծաղկեն…» և պտղաբեր ձիթենու նման… կտնկվեն Տիրոջ տանը» (Սաղմ. ՂԱ 13-16, ԾԱ 10): Եկե՛ք այսուհետև հեռացնենք մեզանից մեր էությունը սքողող անթափանց մեղք-վարագույրները: Բացե՛նք գոց դռները մեր հոգի-տաճարների` ներս թողնելով հաղթանակած Փառաց Թագավոր Հիսուս Քրիստոսին: Եվ հիշենք. օրեր անց մեզ էլ է տրվելու թանկագին շնորհ-հաղթանակը՝ ի դեմս մեղքի, մահվան ու գերեզմանի: Աղոթում ենք և հայցում Երկնավոր Տիրոջից, որ Նա Իր բարեխնամ Աջով հաստատուն պահի Հայոց աշխարհի խաղաղությունը, հովանի լինի ձեզ և կյանքի լուսառատ ճանապարհներ բանա ձեր առջև` հաղթության բերկրանք շնորհելով ամենքիդ հոգիներին:
Ջերմագին սիրով և օրհնությամբ՝Տ. ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ