Միայն սիրտն է ամենատես

Միայն սիրտն է ամենատես

Սեպտեմբերի 6-ին  Արարատյան Հայրապետական թեմի  Արաբկիր համայնքի հոգևոր հովիվ Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը Արաբկիր վարչական շրջանի  ղեկավար Հովհաննես Վարդանյանի և կրթության բաժնի աշխատակազմի հետ, այցելեց  Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոց՝ մասնակցելու Ն. Տիգրանյանի  կիսանդրիի բացման արարողությանը:


Այցելուները նախ ծաղկեդրում կատարեցին կոմպոզիտոր, բանահավաք, դաշնակահար Նիկողայոս Տիգրանյանի կիսանդրու առջև, ով  9 տարեկանում ձեռքբերովի կուրությունից հետո էլ շարունակել է կրթությունն  ու այսօր լավագույն օրինակն է դպրոցում սովորող երեխաների համար:


Այցի  ընթացքում դպրոցի տնօրեն Ալեքսան Ահարոնյանը ծանոթացրեց  նախ դպրոցի տարածքին, առկա հարմարություններին, նոր ձեռքբերումներին, ապա այցելուները շրջեցին դասասենյակներով և ծանոթացան աշակերտների հետ:


Դպրոցն ունի 77 սան և Հայաստանի միակ կրթօջախն է,  որտեղ ուսուցումը կազմակերպվում է բրայլյան համակարգով: Այստեղ սովորում են տեսողության տարբեր աստիճանի խանգարումներ ունեցող և մնացորդային տեսողությամբ երեխաներ ՀՀ տարբեր մարզերից և ԼՂՀ-ից::


Մանկավարժները նշում են, որ չնայած երեխաները խնդիրներ ունեն, սակայն  սովորելու կարողություններով չեն զիջում հանրակրթական մյուս դպրոցների աշակերտներին:


-Նրանց հետ կարելի է ճախրել, երազել ու հասնել  նպատակակետի,- ասում են մանկավարժները:


Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանն այցի ավարտին ներկաներին պատմեց  դեռևս 4-րդ դարում ապրած մի մարդու՝  Հայր Դիդիմոս Կույրի մասին, ով, կույր լինելով հանդերձ, իր աշխատություններում նկարագրել է Արարչին, աշխարհը, երկնային կյանքը այնպես` ինչպես կաներ դա տեսած մարդը:


Մարմնի  աչքերը կարող են և կույր լինել, բայց սիրտն է միայն  ամենատես:

 

Զարա Ղազարյան

  • 2018-09-06
×