Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում ապրիլի 10-ին կազմակերպվել էր Խոկման արարողություն, որին մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու երիտասարդական միություններն ու տարբեր կառույցները: Արարողությանը մասնակցեցին նաև Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները՝ Տ. Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ:Խոկումն սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո բացման խոսքով հանդես եկավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը: Խոկման ավարտին ներկաներին իր հայրական օրհնությունն ու պատգամը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` ուրախություն հայտնելով, որ Եկեղեցու հավատացյալ զավակները համախմբվել են Մայր Աթոռում` միասին խոկման պահեր ունենալու` համեմված սուրբ հայրերի սրբազան աղոթքներով ու քաղցրաշունչ շարականներով: «Եկեղեցու հայրերը լուսամիտ տնօրինություն են կատարել` սահմանելով քառասնօրյա տևողությամբ պահեցողության շրջան, որպեսզի մարդ արարած, ով իր բնությամբ մեղանչական է, կարողանա ամբողջապես կենտրոնալ իր անձի վրա, լուսարձակի տակ վերցնել իր կյանքը` միաժամանակ վերլուծելով իր գործերը, և իր մտածումներում ըմբռնի, թե ինչպիսի վրիպումներ են տեղ գտել իր կյանքից ներս, որքան ժամանակ է իր սիրտը չարության ճիրաններում մնացել և, ի վերջո, որդեգրի Տիրոջ հետ հաշտության ճանապարհը» - իր խոսքում նշեց Ամենայն Հայոց Հայրապետը: Նորին Սրբությունը երիտասարդներին հորդորեց սեփական կյանքից ներս առատացնել աղոթքը, որպեսզի հոգևորն առավել զորանա և իր մաքրամաքուր խորհրդով ուղեկցի իրենց կյանքի բոլոր օրերին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամեց նաև ամրապնդել իրենց հավատքը բարի ու ազնիվ գործերով` սրտակից և օգնական լինելով կարիքի մեջ գտնվող մարդկանց: Իր խոսքում Նորին Սրբությունն անդրադարձավ սիրիահայության, մասնավորապես քեսաբահայերի ծանր կացությանը` ներկաներին կոչ անելով աղոթել Սիրիայում խաղաղության վերականգնման համար և մասնակիցը դառնալ բորոր այն օգնության ձեռնարկումներին, որոնք իրականացվում են հանուն հայորդիների բարօր կյանքի վերահաստատման:
Վերջում Վեհափառ Հայրապետը խոկման արարողության մասնակիցներին մաղթեց, որ Աստված Իր բյուրավոր շնորհներով նրանց առաջնորդի դեպի մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարություն: Արարողությունն ավարտվեց «Պահպանիչ» աղոթքով, որից հետո Հայրապետական մաղթանքի երգեցողության ներքո Նորին Սրբությունն իր օրհնութունը բաշխեց հավատավոր ժողովրդին: