Ավագ հինգշաբթիի և Ավագ ուրբաթիարարողությունների ժամանակացույցը Ժողովրդի մեջ տարածված թյուր կարծիք կա, որ Ավագ հինգշաբթի պետք է ընտանիքի անդամների թվով ձու ներկել և ուտել: Եկեղեցու հայրերը սովորեցնում են, որ եթե ամբողջ Մեծ պահքը պահես ամենայն խստությամբ, սակայն Ավագ Հինգշաբթի ինչ-որ կերպ լուծանես այն, ապա չեղյալ կհամարվի Մեծ Պահքը պահելու քո ամբողջ ջանքը: Ավագ Հինգշաբթի՝ ապրիլի 17-ին՝ ժ. 11.00-ին, բոլոր եկեղեցիներում մատուցվում է բաց Ս.Պատարագ՝ ի հիշատակ Խորհրդավոր ընթրիքի, որի ժամանակ Հիսուս հաստատեց Ս. Հաղորդության խորհուրդը՝ գինին որպես Հիսուսի Արյուն և հացը որպես Հիսուսի Մարմին: Այս Պատարագից հետո հավատացյալները կարող են Ս. Հաղորդություն ստանալ: ժ 16.30-ին կատարվում է Ոտնլվայի կարգ, որի ժամանակ եկեղեցու ավագ հոգևորականը լվանում է հավատացյալների ոտքերը՝ ի հիշատակ Հիսուսի՝ աշակերտների ոտքերի լվացման: Այն խոնարհության կոչ է, որ ինչպես Աստվածորդին խոնարհվեց ու լվաց իր աշակերտների ոտքերը, այնպես էլ յուրաքանչյուրս համբերատարությամբ ու սիրով լցվենք մեզ շրջապատող մարդկանց ու մերձավորների հանեպ: Այսօր օրհնվում և բաժանվում է նաև յուղը: Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ոտնլվայի արարողությունը կկատարի Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Ժ. 19.00-ին, երբ ըստ եկեղեցական օրացույցի օրը փոխվում է, սկսվում է Խավարման գիշերը՝ ի հիշատակ Հիսուսի՝ Գեթսեմանի այգում արած աղոթքի, Հուդայի կողմից համբույրով կատարված մատնության, բանտարկության դատավարության ու չարչարանքների:Արարողության ժամանակ խորանի վրա վառվում է 12 փոքր և մեկ մեծ մոմ, որը դրվում է կենտրոնում: Ավետարանական ընթերցումներին զուգահեռ աստիճանաբար հանգցնում են մոմերը: Վերջում մնում է միայն կենտրոնի վառված մեծ մոմը: Այն խորհրդանշում է Քրիստոսին, Ով մնացել էր մենակ: Արարողությունը շարունակվում է մինչև ուշ երեկո: Ավագ Ուրբաթ՝ ապրիլի 18-ին՝ ժամը 11.00-ին, բոլոր եկեղեցիներում կատարվում է Խաչելության կարգ՝ ի հիշատակ Հիսուսի խաչելության: Արարողության ընթացքաում ընթերցվում են Ավետարանից հատվածներ, որոնք բովանդակում են Հիսուսի երկրային կյանքի վերջին ժամերը` մատնությունը, ձերբակալությունը, Պետրոսի ուրացումները, Պիղատոսի մոտ տանելը, մահվան վճիռը, չարչարանքներն ու անարգանքը, Գողգոթայի վրա խաչվելը, արեգակի խավարումը, մահը: Ժամը ՝ 17.00-ին կատարվում է Թաղման կարգ: Եկեղեցիներում ծաղիկներով զարդարում են Հիսուսի «գերեզմանը»: Բոլոր մարդիկ կարող են ծաղիկներ բերել ու դրանցով զարդարել այն: Ժամերգության ավարտին հանդիսավոր թափորով գերեզմանը պտտեցնում են եկեղեցում կամ եկեղեցու շուրջ, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի թաղումը:
Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան