Պարզաբանում սակագների վերաբերյալ

Պարզաբանում սակագների վերաբերյալ

Վերջին օրերին համացանցում ակտիվ քննարկման նյութ դարձավ Տավուշի թեմի առաջնորդ Տեր Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի տեղեկագիրը, որով սակագներ են սահմանվում մկրտության եւ պսակադրության արարողությունների համար: Այս հարցի վերաբերյալ Մայր  Աթոռ Սուրբ Էջմիածնի դիրքորոշումը ճշտելու նպատակով old_news.am-ը դիմեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանին, ով մասնավորապես նշեց. «Տավուշի թեմի առաջնորդ Տեր Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի կողմից թեմի Իջեւանի տարածաշրջանում Սուրբ Մկրտության եւ Սուրբ Պսակի խորհրդակատարությունների համար սահմանված գների առնչությամբ տեղեկացնում եմ, որ Ամենայն Հայոց Հայրապետը կասեցրել է այդ որոշումը եւ հանձնարարել առաջնորդների ժողովին ստեղծել հանձնախումբ եւ ուսումնասիրել թեմերում խորհրդակատարությունների սակագների ներդրման հարցը»: Հարցին` արդյոք առաջնորդը կարող է նման որոշումներ կայացնել, Վահրամ քահանան պատասխանեց, որ առաջնորդը գործել է իր իրավասությունների սահմաններում, եւ սա փորձնական քայլ է եղել Իջեւանում: Ամենայն Հայոց Կաթողիկոսի մամուլի քարտուղարը տեղեկացրել է, որ նման պրակտիկա առկա է Հայ Եկեղեցու Սփյուռքի թեմերում, ուր իրականում կազմակերպված ծխական կյանք կա եւ այս երեւույթը երբեք տարակարծությունների տեղիք չի տալիս: Նա նաեւ նկատեց, որ հայաստանյան իրականությունն այլ է, իսկ Հայաստանի թեմերում այդ մոտեցման կիրառման նպատակահարմարությունը` քննարկելի: Նշենք, որ Տավուշի թեմի առաջնորդը այս տարվա հունվարի 1-ից սահմանել է Մկրտության եւ Պսակի արարողության գները: Մկրտության կտրոնն արժե 20 հազար, իսկ Պսակի կտրոնը՝ 40 հազար դրամ: Այս փաստը սոցցանցերում բուռն դժգոհության ալիք էր բարձրացրել:

  • 2014-04-16
×