Այսօր Հարության տոնի առիթով մարդաշատ էր Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին: Զատկական Սուրբ Պատարագի ավարտին եկեղեցու հոգևոր հովիվ՝ արժանապատիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ եկեղեցու հոգևորականների դասը և հավատացյալ հոտը թափորով քայլեց դեպի եկեղեցու բակ, ուր և կատարվեց տնօրհնեք: Արարողությունից հետո Տեր Գրիգորը ողջունեց համայքնի անդամներին, ներկաներին՝ նրանց փոխանցելով Ս. Հարության հրաշափառ ավետիսը և ազդարարեց զատկական միջոցառման սկիզբը: Հոգևոր և աշխարհիկ երգերի կատարմամբ հանդես եկավ «ԶՈՐԱՎՈՐ» երիտասարդաց միության երգչախումբը: Երիտասարդաց միության անդամների ջանքերով ցուցադրվեցին ԵՊՃՇՀ ուսանողների՝ եկեղեցուն նվիրված գունանկարներն ու գծանկարները: Միջոցառմանն իրենց մասնակցությունն էին բերել նաև Երևանի Քրիստափոր Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի՝ ժողովրդական գործիքների բաժնի սաները:Մանուկները նույնպես անմասն չմնացին այս միջոցառումից. նրանք էլ մասնակցեցին գիպսե զատիկների և ձվիկների ներկմանը:Զատկական միջոցառման հյուրասիրությանն իրենց ներդրումը բերեցին նաև երիտասարդաց միության աղջիկները՝ զատկական համեղ հյուրասիրությամբ: Լավագույն պատրաստողը մրցանակի արժանացավ: Մրցանակ տրվեց նաև ձվակռվի հաղթողին:Հոգևոր դասի, համայնքի անդամների և երիտասրդների անունից մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Զորավոր Երիտասարդաց միության հոգևոր պատասխանատու՝ Տեր Զենոն քհն. Բարսեղյանին այս Զատկական միջոցառումը կազմակերպելու և մեզ բոլորիս գեղեցիկ օր պարգևելու համար:
«Զորավոր» երիտասարդաց միություն