Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ս. Հարության հանդիսավոր Պատարագը մատուցվեց գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ Ապրիլի 20-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Քրիստոսի հրաշափառ Հարությունը: Այդ առթիվ Ս. Պատարագ է պատուցվում բոլոր եկեղեցիներում: ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ս. Հարության հանդիսավոր Ս. Պատարագը մատուցվեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ: Որպես առընթերականեր Սրբազան հորը սպասավորում էին արժանապատիվ Տ. Շահե քահանա Հայրապետյանն ու արժանապատիվ Տ. Կարապետ քահանա Կարապետյանը: Հընթացս Ս. Պատարագի Սրբազան հայրն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի` Ս. Հարության ուղերձը, ուր մասնավորապես ասվում է. «Սիրելի հավատավոր զավակներ ի Հայրենիս և ի Սփյուռս,Մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի հրաշազարդ Սուրբ Հարության տոնը հուսառատությամբ է լուսավորել մեր հոգիները: Մահվանից հարություն է առել մեր Փրկիչը, մահաբեր գործիքից խաչը վերափոխվել է կենաց ծառի, մարդն ու տիեզերքը նորոգվել են կյանքի և հավերժության շնորհով: Այսօր Քրիստոսով հարուցյալ նոր արարչություն է, նոր կյանքի ճանապարհ` պայծառացած կենարար լույսով, որ պարգևում է Փրկիչը. «Ես եմ աշխարհի լոյսը. ով Իմ ետեւից է գալիս, խաւարի միջով չի քայլի, այլ կընդունի կենաց լոյսը»: Հարուցյալ մեր Տիրոջ այս խոսքերը հավիտենական ու նաև երկրային լուսավոր կյանք ունենալու աստվածային հրավեր են` ուղղված յուրաքանչյուր մարդու, քանզի Սուրբ Հարության շնորհները բաշխվում են բոլորին, նաև` նրանց, ովքեր դեռևս կանգնած չեն հավատքի ճանապարհին, ովքեր կյանքի փորձություններից սրտաբեկ` ընդվզում են Աստծո դեմ: Սուրբ Հարության շնորհները սփռվում են նաև այնտեղ, որտեղ պատերազմների և մոլեգնող ահաբեկչությունների մեջ դառնացած են մարդիկ, կարծրացած են սրտերը, որտեղ մարդիկ կրում են տառապանքների դաժան բեռը, որտեղ զոհվում են հրեշտականման մանուկներ` աղքատության, անտարբերության, ռազմական գործողությունների հետևանքով: Մարդկության կյանքն ալեկոծող բոլոր հակամարտությունների, հումանիտար, բնապահպանական աղետների, տնտեսական ու քաղաքական ճգնաժամերի, բոլոր հոգսերի ու մարտահրավերների վրա այսօր փայլում է Քրիստոսի Հարության խավարացիր լույսը: Հարության հավատքը, որ վերափոխել է պատմության ընթացքը, կրթել է հոգի ու միտք, կերտել մշակույթ, զարգացման առաջնորդել պետություններ, առաջադրել արդարության և իրավունքի համամարդկային չափանիշներ, մարդասիրական արժեքներ ու սկզբունքներ, այսօր էլ հրաշագործ զորությունն է, որին պիտի ապավինենք, որով պիտի նորոգվեն աշխարհն ու մարդկային հոգիները` նոր իրագործումներով, խաղաղությամբ, սիրով, բարիքով պայծառակերպելու մարդկության կյանքը… »: Դեռ նախորդ երեկոյից մարդիկ իրար ողջունում են՝ ասլով. «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց: Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի: Ձեզ և մեզ մեծ Աւետիս»: Հիշեցնենք, որ երեկ` ապրիլի 19-ի երեկոյան Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվեց Ս. Հարության ճրագալույցի Ս. Պատարագ: ԱՀԹ Առաջնորդանիստ Ս. Սարգի եկեղեցում Ս. Պատարագը մատուցվեց գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Ս. Պատարագին ներկա էին Արարատյան Հայրապետական թեմի թեմական խորհրդի ատենապետ Տիգրան Սարգսյանը, Աժ պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Վաղը` ապրիլի 21-ը, ինչպես բոլոր տաղավար տոներին հաջորդող երկուշաբթիները, հանգուցյալների հիշատակության օր է` Մեռելոց: Այդ օրը Ս. Պատարագի ավարտին բոլոր եկեղեցիներում կատարվում է հոգեհանգստյան արարողություն, որից հետո մարդիկ այցելում են հարազատների շիրիմներին:
Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան