Սրբազան հոր մաղթանքը Հարության տոնի առթիվ

Սրբազան հոր մաղթանքը Հարության տոնի առթիվ

«ԱՆԿԱՐԵԼԻՆ ԵՂԱՒ ԿԱՐԵԼԻ. ԱՆԵՐԵՒԱԿԱՅԵԼԻՆ ՄԱՐՄԻՆ ԶԳԵՑԱՒ, ՅԻՍՈՒՍ ՅԱՐԵԱ՜Ւ»: Արարատյան Հայրապետական թեմի հավատացյալ և հավատարիմ հայորդիք,Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ապրիլի 20-ին տոնում է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունը՝ Սուրբ Խորանից ավետելով ամենքին. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»: Աշխարհասասան այս իրողության խորհուրդը մարդկային պատմության մեջ եզակի, գերահրաշ մի երևույթ է: Ահավասիկ, մեր երկրային կյանքի ճանապարհը կրկին պայծառանում է Մարդեղացյալ Աստծո թափուր գերեզմանից ճառագող լույսով, և մենք արժանանում ենք՝ վայելելու քաղցրահունչ և կենսապարգև Կենաց խոսքը. «Յարեա՜ւ Տէրն ի գերեզմանէն»:«Հարեա՜ւ»…Այս մեկ բառի մեջ խտացված է քրիստոնեական հավատքի էությունն ու զորեղությունը, Քրիստոսի եկեղեցու հարատևության գաղտնիքը, անմահության խորհուրդը… Հրաշափառ և աստվածավայելուչ հարությունը փոխեց պատմության ընթացքն ու հեղաշրջեց մարդկային կյանքը. լույսը հաղթեց խավարին, սերը՝ ատելությանը, ճշմարտությունը՝ կեղծիքին…, կյանքը գերեզմանեց մահվանը. «Մահը կուլ գնաց հաղթությանը: Ուր է, մա՛հ, քո հաղթությունը, ուր է, գերեզմա՛ն, քո խայթոցը» (Ա Կորնթացիս ԺԵ 55):Արդ, եկե՛ք Զատկական այս առավոտ մեր մեջ նորոգենք հավիտենական կյանքի ձգտումն ու փափագը: Բյուրեղացնենք և զորացնենք մեր հավատքը Հիսուս Քրիստոսի Հարությամբ շնորհված ճշմարտության վրա: Ապրենք մեր երկրային կյանքը՝ վեհագույն արժեքների գիտակցությամբ՝ երկրայինի մեջ ամրագրելով հավիտենությունը, քանզի Երկնքի արքայությունը միայն երկնքում չէ, այն մե՛ր մեջ է, մեր ներաշխարհում, Տիրոջ խոսքերով՝ «արքայութիւնն երկնից ի ներքս ի ձեզ է» (Ղուկաս ԺԷ 21):Աղոթում ենք և հայցում մեր Երկնավոր Տիրոջից, որ Հարության հոգեպարար խնդությունն առ Աստված փառատրության վերածի ամենքիս կյանքը, և Զատկական զորեղությամբ վերակերտվի մեր Ազգն ու Հայրենին՝ ի փառս Փրկչի և ի պայծառություն հայազարմ ժողովրդի:

Զատկական բերկրությամբ և Հարուցյալ Տիրոջ օրհնությամբ՝ ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ  

  • 2014-04-19
×