ՀՈԼՈՎԱԿ - դիտեք և տարածեք Ավագ շաբաթ օրը նշվում է Հիսուսի կողմից դժոխքի ավերումը և արդար հոգիների ազատումը: Երեկոյան մատուցվում է Ճրագալույցի Սբ. Պատարագ, որի ավարտին ազդարարվում է Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»:Այս ավետիսով ավարտվում է Մեծ Պահքը: Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնը նշում է կիրակի, և քանի որ ըստ Եկեղեցական կարգի երեկոյան ժամերգությունից կամ Ս. հետո սկսվում է նոր օր, Ս. Հարության ավետիսը տալիս ենք շաբաթ երեկոյան:Ըստ եկեղեցական տոնացույցի տարվա ընթացքում երկու անգամ է մատուցվում Ճրագալույցի Ս. Պատարագ՝ Ս. Ծննդյան և Ս. Հարության տոների նախօրյակին: Հենց այս երկու օրերին էլ Ս. Պատարագից հետո եկեղեցուց վառած ճրագներ են տանում տուն՝ որպես Քրիստոսի լույսի խորհրդանիշ:Կիրակի առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են՝ «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով, որին պատասխանում են՝ «Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»: Ս. Հարության տոնի խորհուրդըՀիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և իր վերջնական իմաստով՝ վերադարձ առ Աստված: Զատիկը թե՛ Հին և թե՛ Նոր Կտակարաններում համարվում է մեծագույն տոներից մեկը: Այն կապված է ազատագրության և փրկագործության պատմական զույգ իրողությունների հետ:Առաջինը Հին Կտակարանի այն դրվագն է, երբ հրեաները, Աստծո խնամածությամբ և Մովսեսի առաջնորդությամբ անցնելով Կարմիր ծովը, փրկվեցին եգիպտական գերությունից: Եգիպտական գերությունից ձերբազատվելը խորհրդանշում էր մեղքի և մահվան երկրից դուրս գալը, զատվելը և դեպի Ավետյաց երկիր ճանապարհվելը:Երկրորդը Քրիստոսի Հարությունն է: Աստծո Որդին՝ իբրև Գառն Աստծո, Իր արյունը թափեց մեղավոր մարդկության համար, խաչվեց և երրորդ օրը հարություն առավ մեռելներից, որպեսզի բոլոր Իրեն հավատացողներին սրբելով մեղքերից՝ արժանի դարձնի հավիտենական կյանքին:Եգիպտոսից Իսրայելի դուրս գալը խորհրդանշում է մարմնավոր գերությունից ազատվելը, իսկ այժմ Քրիստոսի Հարության զորությամբ մարդկությունը` Նոր Իսրայելը, փրկվում է մեղքի և մահվան տիրակալությունից` խավարից դառնալով դեպի աստվածային լույսը, հավատն ու հավիտենական կյանքը:Այսպիսով՝ Հին Կտակարանի զատկական գառը օրինակն է Հիսուս Քրիստոսի:«Ահա Գառն Աստծո, որ վերցնում է աշխարհի մեղքը» (Հովհ. 1. 29): Հովհաննես Մկրտչի այս մարգարեությունը, թե Հիսուս պիտի քանդեր մեղքի կապանքները, կանխատեսում էր դժոխքի ու մահվան պարտությունը: Ս. Հարության տոնի Ավետարանական պատումըՀիսուս Քրիստոսի խաչելությունից եւ մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից եւ դրեցին վիմափոր գերեզմանի մեջ, փակելով մեծ քարով: Եբրայական օրենքով շաբաթ օրը որևէ բան անելն արգելված է, այդ պատճառով էր, որ Քրիստոսին թաղեցին հենց նույն օրը երեկոյան, և միայն երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը եւ Սողոմեն, գնացին գերեզման անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը: Նրանք, սակայն, զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6):Հարության լուրը կանայք ավետում են առաքյալներին, որից հետո Հիսուսը երևում է նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը: «Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:13-14): Զատկական կարմիր ձուԶատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ձուն համարվում է հարության եւ նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս.Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետեւ ձուն օրինակ է աշխարհի և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է, որ աշխարհը գնվեց Քրիստոսի արյամբ: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»: Ձուն ներկում են բացառապես Ս. Հարության տոնի առթիվ՝ շաբաթ երեկոյան և կիրակի: Այն Ս. Հարության տոնի խորհրդանիշն է: Ձու պետք է ներկեն նաև այն ընտանիքները, որտեղ ննջեցյալ կա: Մարդիկ հաճախ կարմիր ձուն ուրախության հետ են կապում, իրականում կարմիր գույնը խորհրդանշում է Քրստոսի թափած արյունը, որը նաև այն մարդու համար է, ով արդեն ննջել է: Եվ Զատկին ձուն որպես սգի նշան առանց ներկելու մատուցելը վայել չէ Քրիստոնյային, քանի որ մենք հավատում ենք, որ Դատաստանի օրը բոլոր ննջեցյալները հարություն են առնելու և նրանք, ովքեր արժանացել են Քրիստոսի թափած արյունով փրկվելուն, Աստծո Արքայությունում պիտի դասվեն: Զատկից հետո՝ Հինանաց շրջան. Համբարձում և ՀոգեգալուստՀիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության` Սբ.Զատկից սկսած հիսուն օրերը մինչև Հոգեգալուստ (Պենտեկոստե) Հայ Առաքելական Եկեղեցում կոչվում են Հինունք կամ Հինանց շրջան՝ նվիրված Տիրոջ Հարության և Համբարձման խորհրդին: Այդ պատճառով ամբողջ շրջանը կոչվում է Տերունի: Հինունք անունը ծագում է հիսունքից: Առաջին քառասուն օրերը նվիրված են Հարուցյալ Քրիստոսի երևումներին: «Նա իր չարչարանքներից հետո իրեն կենդանի ներկայացրեց նրանց առաջ շատ ապացույցներով` քառասուն օրերի ընթացքում երևալով նրանց և խոսելով Աստծո արքայության մասին» (Գործք 1:3): Իր Հարությունից քառաուն օր հետո Հիսուս համբարձվում է:Համբարձման տոնին հաջորդում են Հինանց շրջանի վերջին տասն օրերը, որոնց ավարտին տոնում ենք Հոգեգալուստը (այս տարի՝ մայիսի 11-ին):Համաձայն եկեղեցու կանոնների` բոլոր հիսուն օրերն ուտիք են, այսինքն` այս շրջանում չկան պահոց օրեր և թույլատրելի են բոլոր կերակրատեսակները: Բացի մեծ պահքից ու տաղավար տոներից առաջ պահվող շաբաթապահքերից՝ տարվա մեջ գրեթե բոլոր չորեքշաբթիներն ու ուրբաթները պահոց օրեր են. չորեքշաբթին՝ Հիսուսի մատնության, ուրբաթը՝ խաչելության հիշատակին: Ազդարար ԱՐ-Հարության տոնը` նոր կյանքի խորհրդանիշ Ազդարար ԱՐ-Այսօր մահացածների հիշատակի օր է 21.04.2014 Ազդարար ԱՐ-ՃԱՆԱՊԱՐՀ. Հարության խորհուրդը ShoghakatTV-Ս. Հարության տոնը Վերին Արտաշատում yerevan.am