Խաչի քարոզը սիրով է ընդունվում վարորդների կողմից

Խաչի քարոզը սիրով է ընդունվում վարորդների կողմից

Զօրութիւն Սուրբ Խաչի, Քո Քրիստոս,

Որ կանգնեցեր ի փրկութիւն աշխարհի՝

Սա պահեսցէ զմեզ յամենայն փորձութեն է:

 

Արդեն 5-րդ տարին է՝ Արարատյան Հայրապետական Թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և երիտասարդաց միությունների համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ թեմի երիտասարդները Սուրբ Խաչին նվիրված տոներից առաջ իրականացնում են «Խաչի քարոզ» ծրագիրը: Երիտասարդները բանուկ կանգառներում հասարակական տրանսպորտի վարորդներին օրհնված խաչեր և խաչի աղոթքներ են նվիրում` առաջարկելով դրանք փոխարինել իրենց մոտ եղած  աչքուլունքներով և այլ սնոտիապաշտական զարդերով: 

 

Այս անգամ ծրագրի մեկնարկը եղավ Ս. Երրորդություն եկեղեցուց: Ակցիայից առաջ երիտասարդները մասնակցեցին ընդհանրական աղոթքի, ապա վերցրին օրհնված խաչերը և շարժվեցին դեպի Րաֆֆու փողոց։ 

 

Վարորդները մեծ ոգևորությամբ էին վերցնում խաչերը և շտապում էին դրանք ամրացնել իրենց մեքենայի  դիմապակուն, որպեսզի Սուրբ Խաչի օրհնությունը նրանց հետ լինի ողջ ընթացքում:

 

Ողջ օրվա ընթացքում բաժանվեց շուրջ 200 խաչ: Հուրախություն պետք է նշել, որ աչքուլունքների քանակն էլ ամեն հաջորդ ակցիայի ժամանակ պակասում է: 

 

«Խաչի քարոզ» ծրագրով Հայ Առաքելական եկեղեցին ևս մեկ անգամ հորդորում է ապավինել խաչին, քանի որ քրիստոնյաների պաշտպանության նշանը խաչն է: 

 

«Եթե մեկը կամենում է հետեւել ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը եւ գա իմ հետեւից»: (Մատթ. 16; 24): 

 

 

Էլեն Հակոբյան

  • 2018-09-15
×