Այսօր՝ ապրիլի 26-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրը: Այդ առթիվ Արարատյան Հայրապետական թեմի Ս. Հովհաննես Մկրտչի անունը կրող եկեղեցիներում մատուցվեց Ս. Պատարագ: Երևանի Կոնդի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում Ս. Պատարագը մատուցվեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Պատարագիչը Տ Շմավոն քահանա Ղևոնդյանն էր: Ս. Պատարագին մասնակցում էին ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը: Ս. Պատարագի ավարտին Տ. Նավասարդ Սրբազանը շնորհավորեց բոլոր Հովհաննեսներին ու Հովհաննիսյաններին, Կարապետներին ու Կարապետյաններին, Մկրտիչներին ու Մկրտչյաններին՝ իրենց անվանակոչության տոնի առթիվ: «Այսօր մենք հիշատակում ենք Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման օրը: Մեր Եկեղեցում Սուրբ Տիրամորից հետո նա ամենամեծ սուրբն է: Նա էր նախակարապետը, որ եկավ Տիրոջից առաջ, որ ճանապարհ հարթի: Եվ գլխատվեց, քանի որ չհրաժարվեց ճշմարտությունից: Հերովդես արքային քննադատելու համար նա բանտարկվեց, բայց թագավորը չէր համարձակվում սպանել նրան: Բայց Հերովդիայի դավադրանքով ստիպված էր գլխատել նրան: Այսպիսին է նախակարապետների ճակատագիրը: Այսօր մեր թեմում Ս. Հովհաննես Մկրտչի անունը կրող երկու եկեղեցիներում մատուցվեց Ս. Պատարագը՝ Մխչյանի և Կոնդի: Երիտասարդաց միության անդամներն այսօր ուխտի են գնացել Մխչյանի Ս. Հովհաննես, քանի որ երեք տարի առաջ Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակի օրը վերակառուցվելուց հետո այն վերաօծվեց: Եկեղեցու վերակառուցումն իրականություն դարձավ Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամի հովանավորությամբ: Իսկ հայոց հնագույն մայրաքաղաք Արտաշատում այժմ վեր է խոյացել մի հսկա տաճար, որը պիտի լինի մեր հին մայրաքաղաքի հոգևոր սիրտը, կենտրոնը: Հովիկ Աբրահամյանն է բարերարը: Աստված տա, որ շուտով Վեհափառ Հայրապետի ձեռամբ օծվի այն: Ես ուզում եմ ՀՀ Վարչապետի պաշտոնը ստանձնելու առթիվ շնորհավորել նորանշանակ Հովիկ Աբրահամյանին: Եվ «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսը տալով՝ Ս. Հովհաննես Մկրտչի օրհնությամբ նրան մաղթենք բարի ընթացք՝ վասն մեր երկրի շինության ու շենացման: Սիրելի հավատացյալներ, ձեր աղոթքները թող լինեն իր հետ այսօր, վաղ և ընդմիշտ՝ իր առաքելության, բարձր հանձնառության ընթացքի մեջ»: Եկեղեցու բակում համայնքի ու քահանայից դասի նախաձեռնությամբ փոքրիկ միջոցառում էր կազմակերպվել: Ելույթ ունեցան Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու «Օվսաննա» երգչախումբը, Արսեն Գրիգորյանը (Մրո), «Սասնա Ծռեր» պարային համույթը: Տոնախմբությանը միացել էին նաև «Պարենք հայերեն» նախաձեռնության անդամները: Երիտասարդաց միության անդամները տոնախմբության մասնակիցներին բաժանեցին մատաղ՝ Հովիկ Աբրահամյանի ու Հովհաննես Հովսեփյանի մատուցմամբ: Եկեղեցու բակում ցուցադրվեցին եկեղեցու համայնքի երեխաների ձեռքի աշխատանքները: Դրանցից երկուսը երեխաները նվիրեցին Հովիկ Աբրահամյանին ու Արկադի Ղուկասյանին: ԱՀԹ Մխչյանի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին ևս այսօր լի էր ուխտավորներով: Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդական միությունների անդամները Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ ուխտի էին գնացել այնտեղ: Ս Պատարագի ավարտին մատաղի օրհնություն և հյուրասիրություն տեղի ունեցավ: Ապա եկեղեցու բակում ելույթ ունեցան Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու երիտասարդաց միության «Արարատ» և Մխչյանի Ս. Հովհաննես եկեղեցու երգչախմբերը, Մխչյան գյուղի դպրոցի պարի խումբը:
Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան