Խաչն կենարար որ եղեւ մեզ փրկութիւն,
սովաւ ամենեքեան զքեզ բարեբանեմք:
Շարական
Սեպտեմբերի 15-ին՝ Խաչվերացի տոնին ընդառաջ, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Դավիթ քահանա Սահակյանի նախաձեռնությամբ Արարատ քաղաքի նոր կառուցվող եկեղեցու բակից տեղի ունեցավ խաչերթ: Խաչի թափորը, եկեղեցական սպասավորներով, ՀՀ ԶՈՒ N զորամասի երկու տասնյակ զինծառայողների, հավատացյալների ուղեկցությամբ Արարատ քաղաքից ուղևորվեց դեպի Արարատ գյուղի Ս. Հակոբ եկեղեցի, որտեղ կատարվեց Անդաստանի կարգ:
Ռեհանով զարդարված Խաչը ողջ ճանապարհին կրած զինվորները պատմում են, որ անբացատրելի զգացում են ունեցել: «Խաչերթի խորհուրդը շատ մեծ էր, հետաքրքիր էր տոնի, խաչի խորհրդի մասին իմանալը: Մեր գիտելիքները հարստացրինք եկեղեցու մասին: Թե´ խաչերթին, թե´ այլ արարողություններին մասնակցելը շատ եմ կարևորում, քանի որ միշտ ինչ-որ բան ավելանում է մեր մեջ»,-իր տպավորություններն է պատմում զինվորներից Սեյրանը:
Բանակի հոգևոր սպասավոր Արթուր սարկավագ Արամյանը, ում առաջնորդությամբ զինվորները հաճախ են մասնակցում եկեղեցական արարողություններին, ներկայացնելով տոնի պատմությունը, նշեց. «Ի դեմս խաչի, մեք երկրպագում ենք Քրիստոսին: Խաչն այն զոհասեղանն է, որի վրա Քրիստոս ողջ մարդկության պատարգվեց: Խաչը նաև հաղթության, սատանայի պարտության նշանն է»:
Խաչերթին մասնակցում էին Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը, քաղաքի եկեղեցու բարերարներ, խաքավորներ, Արարատ քաղաքի պետական քոլեջի, ինչպես նաև տարածաշրջանի դպրոցների աշակերտների և ուսուցիչներ: Խաչերթին իրենց մասնակցությունն էին բերել նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Մալաթիայի հայորդյաց տան փողային և թմբուկային նվագախմբերը:
«Պետք է մեղքերից ձերբազատվենք, որպեսզի Քրիստոսի խաչը նորից վեր հառնի մեր ներսում: Ինչպես դարեր առաջ քրիստոնյա ժողովուրդը ազատագրելուց հետո վեր բարձրացրեց Քրիստոսի խաչը, այդպես էլ յուրաքանչյուրս մեր սրտերում պետք է վեր բարձրացնենք մեր խաչը և փառաբանենք Աստծուն»,-պատգամեց Տեր Դավիթը:
Մարիամ Ավետիսյան