«Վերցրու խաչդ և արի Իմ հետևից»

«Վերցրու խաչդ և արի Իմ հետևից»

Սեպտեմբերի 16-ին Հայ Առաքելական եկեղեցին տոնեց Տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը: Այն Սուրբ Խաչին նվիրված չորս տոներից գլխավորն է և նշվում է քրիստոնյա բոլոր եկեղեցիներում: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսԿճոյանի օրհնությամբ թեմի մի շարք եկեղեցիներում Ս. Պատարագից հետո կազմակերպվեցին տոնական միջոցառումներ: Տոնի առթիվ թեմի Ներքին Չարբախի Ս. Խաչ եկեղեցին լի էր ուխտավորներով, քանի որ Խաչվերանց այս կեղեցու անվանակոչության տոնն է նաև:

 

Ուխտավորները նախ մասնակցեցին Ս. Պատարագին: Պատարագիչը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Մինաս աբեղա Հախվերդյանն էր:

 

Քարոզի ընթացքում, խոսելով տոնի խորհրդի ու նշանակության մասին, Հայր Մինասն ընդգծեց, որ ճշմարիտ քրիստոնյան խաչը պարանոցին կրելուց բացի, պետք է այն կրի իր սրտում.

 

-Չկա քրիստոնեություն առանց խաչակրության, չկա քրիստոնություն առանց դժվարության, փորձությունների հաղթահարման և հաղթանակի հասնելու վճռականության: Չկա և չի կարող լինել հարություն, եթե չկա զոհաբերություն:

 

Ս. Պատարագի ավարտին Շենգավիթ համայնքի № 99 միջնակարգ դպրոցի սաներն ազգային երգ ու պարով եկեղեցու բակը դարձրին էլ ավելի տոնական: Ս. Խաչ եկեղեցու նորանշանակ հոգևոր հովիվ Տ. Հրաչյա քահանա Գյոզալյանը ողջունեց դպրոցականներին, շնորհավորեց նրանց տոնի առթիվ և մեկ անգամ ևս խոսեց տոնի խորհուրդի մասին:

 

-Խաչը պետք է մեզ հիշեցնի Քրիստոսի սիրո մասին, իսկ սերը զգացում չէ, սերը կայնք և գործ է, ուրեմն մենք էլ պիտի գործենք մեր Փրկչի օրինակով:

 

Միջոցառման ավարտին, եկեղեցու բարերար Խաչատուր Վարդանյանի հոգածությամբ մատուցվեց սիրո ճաշ:

 

Զարա Ղազարյան

  • 2018-09-16
×