Սեպտեմբերի 16-ին Արարատյան Հայրապետական թեմի Արարատի Ս. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Դավիթ քահանա Սահակյանն օրհնեց եկեղեցու բակում տեղադրված նոր հուշաղբյուրը:
«Ամենայն զգուշությամբ պահի՛ր և պահպանի՛ր քո սիրտը, որովհետև նրանից է բխում կյանքի աղբյուրը» (Առակ. 4:23): Առակաց գրքի այս տողերը, որ փորագրել ենք հուշաղբյուրի վրա, թող միշտ արթուն և զգաստ պահեն ամենքիս, որպեսզի դառնանք ճշմարիտ հավատացյալներ և Սուրբ Խաչով զորացած կարողանանք շենացնել եւ զորացնել մեր երկիրն ու եկեղեցին»,- հուշաղբյուրի օրհնության կարգից հետո ներկաներին մաղթեց համայնքի հոգևոր հովիվ Տեր Դավիթ քահանա Սահակյանը:
Հուշաղբյուրի կառուցումը նախաձեռնել է եկեղեցու խաչի քավոր Վալոդյա Մկրտչյանը: Նրա աջակցությամբ նախորդ տարի նաև եկեղեցու ներսի պատերի վերանորոգման աշխատանքներ են իրականացվել:
Նշենք, որ վերջին տարիներին մեծապես բարեկարգվել է Ս. Հակոբ եկեղեցու տարածքը, համայնքապետարանի և բարերարների միջոցներով տեղադրվել են խաչքարեր, աշխուժացել է համայնքային հոգևոր կյանքը: Տեր Դավիթն ասում է՝ դեռևս նոր ձեռնարկներ կան՝ Աստծո կամոք կյանքի կոչվելու:
Մարիամ Ավետիսյան