Փետրվարի 10-ին Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի ճեմասրահում Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի և ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի մասնակցությամբ ամփոփվեց նկարչական մրցույթը:
Առաջին անգամ ՀՀ Մշակույթի նախարարությունը Ս. Սարգսի տոնակատարությունների շրջանակում հայտարարել էր մրցույթ՝ մինչև 30 տարեկան նկարիչների համար: Նկարիչները երեք օր շարունակ թատրոնի ճեմասրահում ստեղծագործել էին և արդյունքները հանձնեցին պրոֆեսիոնալ ժյուրիի դատին: Ժյուրին նախագահում էր Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:
Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով: Ապա Սրբազան հայրը ողջունեց ներկաներին և շնորհավորեց մասնակիցներին՝ մաղթելով նորանոր ներշչումներ՝ սիրո ու հայրենասիրության թեմայով նոր գործեր ստեղծելու համար:
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նշեց, որ առաջին անգամ եռօրյա ժամկետում երիտասարդ նկարիչները հնարավորություն էին ստացել ստեղծագործել սիրո ու երիտասարդության թեմայով: Նախարարն ինքնին հետաքրքիր համարեց այն փաստը, որ 33 նկարիչներ արձագանքեցին ու մասնակցեցին սիրո և երիտասարդության տոնին նվիրված այս գեղեցիկ մրցույթին:
Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը հույս հայտնեց, որ համատեղ ձեռնարկի առաջին փորձը շարունակություն կունենա. «Գեղեցիկ է, երբ երիտասարդությունը մոտենում է իր ակունքին, առավել հետաքրքիր է, երբ դա անում են կերպարվեստի գործիչները»:
Առաջին մրցանակի է արժանացել Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողուհի Սոնա Նահապետյանը (150 հազար դրամ), երկրորդ տեղում գեղանկարիչ Արամ Մաթևոսյանն է (100 հազար դրամ), իսկ երրորդ տեղում՝ նկարիչ-դիզայներ Լուսինե Սարգսյանը (50 հազար դրամ): Մրցույթի բոլոր մասնակիցներն արժանացել են պատվոգրերի: