Կարևորելով ընտանիքում ներդաշնակությունը, «Կանա» կենտրոնը կազմակերպեց քննարկում «Մեղքի, միմյանց մեղադրելու և այս ամենի արդյունքում հավասարակշռության ու սիրո փլուզումը զույգի կյանքում» թեմայով: Հանդիպումը վարեցին Տեր Տաճատ ավագ քահանա Դավիդյանը և «Փսիլայֆ» հոգեբանական աջակցման կենտրոնի ղեկավար, հոգեբան Լիլիթ Խաչատրյանը:
Տեր Տաճատն անդրադարձավ այն երևույթին, երբ մարդը մեղադրում է դիմացինին՝ իր սխալները չնկատելով: Այս հարցին հոգեբանը տվեց մասնագիտական բացատրություն՝ ասելով, որ սա հոգեբանական մեխանիզմ է, որն անվանվում է պրոյեկցիա. «Քիչ մարդիկ կան, որ հասնում են լիովին ինքնաճանաչման և անկեղծ են, գիտակցում են իրենց բոլոր թերությունը»:
Ըստ հոգեբանի՝ այն մարդիկ, ովքեր ազնիվ են իրենց անձի հանդեպ, սեփական թերությունները գիտակցելով հանդերձ՝ մեղքը չեն վերագրի ուրիշի. «Եթե հարևանն առավոտյան ժպիտով չի բարևում, պետք չէ միանգամից մեղադրել նրան, քանի որ հնարավոր է, որ տրամադրություն չունի, կամ էլ դու չունես, և դա է ազդում քո կարծիքի վրա»:
Այս խնդրին մենք բախվում ենք ամեն տեղ, սակայն միմյանց չհասկանալու և ամեն պարագայում միմյանց մեղադրելու խնդիրն ավելի սուր հետևանքներ է թողնում ընտանիքներում: Զույգը միմյանցից ակնկալում է զիջումներ և փոփոխություն, բայց ըստ հոգեբանի՝ այս պրոցեսը պետք է սկսվի և շարունակվի զուգահեռ:
«Փոփոխություններն անխուսափելի են, ամուսնանում ես՝ փոփոխություն է, երեխա ես ունենում՝ ևս փոփոխություն է: Իսկ այս դեպքում զույգերը խնդիրների պատճառով սկսում են միմյանց մեղադրել»: Ըստ հոգեբանի՝ զույգերն այս խնդիրը լուծում են տարբեր եղանակներով. երբեմն փոխվում է մի կողմը, կամ ուղղակի հեռանում են միմյանցից. «Բայց խնդրի լուծման լավագույն եղանակը համբերությամբ և զիջողականությամբ խնդիրների քննարկումն է»:
Հոգեբանը նաև զգուշացրեց, որ փոփոխությունը պետք է լինի դերային, այսինքն՝ իրար հետ շփման առանձնահատկություններում, այլ ոչ թե անձնային հատկանիշների. «Եթե մեկը սիրում է ժպտալ, և դու արգելում ես, ասում, որ դա քեզ դուր չի գալիս, իհարկե, դա անպայման տարաձայնության կբերի»:
Եզրակացությունը հստակ է. եթե ուզում ես որևէ բան փոխել, սկսիր հենց քեզնից՝ դա ևս չհասցնելով ծայրահեղության, քանի որ առաջ կգա մեկ այլ խնդիր՝ ամեն ինչում տեսնել սեփական մեղքը:
Նելլի Թառփոշյան