Սուրբ Սարգսի տոնը թեմի եկեղեցիներում

Սուրբ Սարգսի տոնը թեմի եկեղեցիներում

Փետրվարի 11-ին Հայ Առաքելական եկեղեցին նշեց Ս. Սարգիս զորավարի տոնը: Բացի այդ օրվա միջոցառումներից, Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական Փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ տոնի նախորդող օրերին ևս թեմի համայնքներում իրականացվեցին տոնական միջոցառումներ:

 

 

Փետրվարի 9

Փետրվարի 1-9-ը Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցու ծխական համայնքի 6 դպրոցներում իրականացվեց ինտելեկտուալ փառատոն և սպորտլանդիա:

 

 

Սուրբ Երրորդություն եկեղեցու երիտասարդների նախաձեռնությամբ եկեղեցու դահլիճում կազմակերպվել էր սիրո, պոեզիայի երեկո Ս. Սարգսի տոնին ընդառաջ:

 

 Միջոցառումը սկսվեց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարթև քահանա Մուրադյանի օրհնության խոսքով և աղոթքով: Երեկոյի ընթացքում միության անդամներն ընթերցեցին Կարինե Ավագյանի ստեղծագործություններն, ում համար անակնկալ էր բեմից լսել սիրո իր տողերը:

 

 

Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցու համայնքը Հայորդաց տան սաների մասնակցությամբ համերգային բազմաբովանդակ ծրագիր էին կազմակերպել Ս. Սարգիս զորավարի տոնի առիթով, որին իրենց ներկայությունը բերեցին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի գրեթե 400 կուրսանտներ: Հանդես եկավ Հայորդաց տան դհոլահարների խումբը, «Նարեկ» պարի համույթը, Գևորգ Գինոսյանի անվան կրկեսային արվեստի սաները, մոդեռն պարի դասարանի սաները, ազգագրական երգի-պարի համույթը և այլն: 

 

 

Փետրվարի 10-ին՝ Ս. Սարգսի տոնի նախատոնակին, Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցու համայնքը խաչապտույտ կատարեց Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցուց դեպի Հարավ-Արևմտյան թաղամասի Ս. Երրորդություն եկեղեցի (անդաստանի կարգ բակում):

 

 

Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցի էին հրավիրել Սարգիս և Մարտիրոս անունը կրող անձինք՝ օրհնելու և շնորհավորելու համար նրանց տոնի առիթով:

 

 

Ն. Չարբախի Ս. Խաչ եկեղեցու համայնքում Պատանեկության ստեղծագործական կենտրոնի սաները, շրջելով տարբեր թաղամասերում, աղի բլիթներ բաժանեցին երիտասարդներին: Սեր, հավատ, լավատեսություն ներշնչող միջոցառումը նաև յուրօրինակ հորդոր էր` սիրել միմյանց, սիրո ուժով երջանկություն կերտել:

 

 

Արարատի Ս. Հակոբ եկեղեցում տեղի ունեցավ Ս. Սարգիս զորավարի նախատոնակը, որից հետո կատարվեց երիտասարդների օրհնության կարգ:

Օրհնությունից հետո երիտասարդների համար եկեղեցու բակում կազմակերպվել էր տոնական համերգ, որտեղ ելույթ ունեցան եկեղեցու երգչախումբը և անհատ կատարողներ:

 

 

Մխչյանի Ս. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Միքայել քհն. Նուրիջանյանի առաջնորդությամբ, Արաքսավան գյուղում կազմակերպվեց տոնին նվիրված խաչերթ: Արաքսավանի Ս. Սարգիս եկեղեցում կատարվեց ժամերգություն և երիտասարդների օրհնության կարգ:

 

 

Արտաշատի Ս. Հովհաննես Ավետարանիչ եկեղեցում Ս. Սարգիսի տոնը մեկնարկեց մեծ տոնախմբությամբ: Համայնքի մի քանի հարյուր անդամներ մեծ թափորով՝ խաչի, Ավետարանի ու խաչվառի առաջնորդությամբ, սրբին խորհրդանշող ձիավորի ուղեկցությամբ քայլեցին դեպի քաղաքի կենտրոն: Քաղաքի կենտրոնական այգում Տերունական աղոթքով և Նավասարդ Սրբազանի ուղերձի ընթերցմամբ մեկնարկեց  տոնական համերգը:

 

 

Տոնական խաչերթ տեղի ունեցավ նաև Ավանի Ս. Հարություն և թեմի այլ եկեղեցիներում:

 

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2017-02-13
×