Ասում են, թե նվերները լինում են երեք տեսակ՝ լավ, վատ կամ գիրք։ Նույնը կարելի է ասել նաև սիրո խոստովանության մասին։ Այն լինում է լավ, վատ կամ գիրք։ Եթե «ես քեզ սիրում եմ» բառերը դարձել են սովորական, ապա խոստովանության այս ձևն անտարբեր չի թողնի ոչ ոքի։
Ընտրում ես գիրք, բացիկի վրա նշում, թե ում ես ցանկանում նվիրել, ավելացնում սրտից բխած մի քանի տող, և սիրո գրքոտ խոստովանությունը պատրաստ է։ Իսկ թե ով ինչ գրքոտ խոստովանություն ստացավ իր գաղտնի գրքասերից, պարզ դարձավ փետրվարի 10-ին՝ «Բուկինիստ» գրախանութում։ Այս նախաձեռնությունն իրականացվել է Արարատյան Հայրապետական թեմի և «Բուկինիստ» գրախանութների ցանցի համագործակցության արդյունքում՝ նվիրված Սուրբ Սարգսի տոնին։ «Իմ գաղտնի գրքաՍԵՐ» խորագրով միջոցառում-ակցիան սկսվել էր փետրվարի սկզբին՝ նպատակ ունենալով միավորել գրքասերներին, սիրահարներին և ընդհանրապես բոլորին ազգային ավանդույթների, ընթերցանության և սիրո շուրջ։ Մինչև փետրվարի 9-ը բոլորը հնարավորություն ունեին գնել ցանկացած գիրք «Բուկինիստ» գրախանութների ցանցից 20% զեղչով՝ հատուկ էջանիշի վրա գրելով սիրելիի կոնտակտները, և թողնել այն սիրո արկղերի մեջ։ Իսկ փետրվարի 10-ին արդեն հասցեատերերը ստացան իրենց գիրք-խոստովանությունը և էլի բազմաթիվ անակնկալներ Թի Արթի, Լոֆթի, Կինո Հայաստանի, Գուրմե Դուրմեի, Gtex, Yell Extreme Park-ի և Արարատյան Հայրապետական թեմի կողմից։
«Այնքան սպիտակ սիրտ», «Մինչ քեզ հանդիպելը» կամ «Քեզ հանդիպելուց հետո», «Մեղավոր են աստղերը» կամ «Սիրով՝ Ռոզի». այսօր այս վերնագրերն ավելի խոսուն դարձան, քան «ես քեզ սիրում եմ» արտահայտությունը։ Մինչ իրար հանդիպելը Լու Կլարկը և Վիլ Թյորները ապրում էին իրենց սովորական կյանքով։ Սակայն ամեն ինչ փոխվեց, երբ նրանք գտան իրար։ Իսկ թե ինչ եղավ հետո, կիմանա նա, ով գրքոտ սիրո խոստովանություն է ստացել այս գրքի տեսքով։
Իսկ եթե չեք ստացել՝ հոգ չէ, օրինակ` ինչ-որ մեկը գիրք էր նվեր ստացել իր ուշացած Ձմեռ պապիկից։ Դուք ունեք մեկ տարի, որի յուրաքանչյուր օրը կարող եք օգտագործել ուղղակի, առանց առիթի սեր խոստովանելու կամ գիրք նվիրելու համար։
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին