Փետրվարի 23-ին Բարեկենդանի տոնի առթիվ Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում կազմակերպվել էր գեղեցիկ միջոցառում՝ նվիրված Բուն Բարեկենդանին: Միջոցառմանը ներկա էին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հայկ Մհրյանը, ղեկավարի տեղակալ Գոռ Հարությունյանը, Երևանի քաղաքապետարանի մշակույթի բաժնի գլխավոր մասնագետ Արամ Գյուրջյանը, Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը, Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զարեհ քահանա Աշուրյանը, ՀՀ ոստիկանության Ավան և Նոր Նորք վարչական շրջանի վետերանների խորհրդի նախագահ Գևորգ Սարգսյանը, ինչպես նաև համայնքի բնակիչները: Միջոցառումն ուղեկցվեց ազգային երգ ու պարով՝ ներկաներին հաղորդակից դարձնելով մեր հոգևոր-մշակութային արժեքներին: Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն: Այն ուրախության ու զվարճանքի օր է, հիշեցնում է Ադամի և Եվայի դրախտային կյանքը, երբ նրանք ապրում էին վայելքի ու անհոգության մեջ:
Հիշեցնենք, որ մինչ Բուն Բարեկենդանի տոնը, որն այս տարի կնշվի մարտի 3-ին, Երևանի բոլոր վարչական շրջաններում կկազմակերպեն տոնական միջոցառումներ՝ ԱՀԹ երիտասարդաց միությունների նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին