Այսօր՝ փետրվարի 25-ին, Ավան վարչական շրջանի ավելի քան 7 մանկապարտեզներում տեղի ունեցավ Բուն Բարեկենդանին նվիրված միջոցառումներ: Միջոցառմանը մասնակցում էին Ավան վարչական շրջանի աշխատակիցները, Երևանի քաղաքապետարանի մշակույթի բաժնի գլխավոր մասնագետ Արամ Գյուրջյանը, Արարատյան Հայրապետական թեմի Երիտասարդաց միությունների համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը և Ավանի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հարություն քահանա Ավագյանը, ովքեր էլ ներկաներին փոխանցեցին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունը:
Միջոցառումը մեկնարկեց թիվ 51 մսուր-մանկապարտեզից, այնուհետև եղանք թիվ 52,53,54, 55,56,57 մանկապարտեզներում: Այս բոլոր մանկապարտեզներում փոքրիկները հասցրեցին մեկը մյուսի ետևից զարմացնել ներկաներին իրենց՝ բեմական գեղեցիկ խաղերով: Մանկապարտեզների աշխատակիցները և երեխաները ջանք չէին խնայել ազգայինը պահպանելու և Բուն Բարեկենդանի տոնը ազգայինի հիմքերի վրա ներկայացնելու համար:
Հիշեցնենք, որ մինչ Բուն Բարեկենդանի տոնը, որն այս տարի կնշվի մարտի 3-ին, Երևանի բոլոր վարչական շրջաններում կկազմակերպեն տոնական միջոցառումներ՝ ԱՀԹ երիտասարդաց միությունների նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին