Գարեգին Բ Կաթողիկոս. «Հոգևոր արժեքների վրա ամուր հաստատված հասարակությունն է, որ կարող է իր կյանքի վերընթացը կերտել»
Փետրվարի 26-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնախմբեց Ս. Ղևոնդյանց քահանաների տոնը, որի առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում էին համախմբվել Հայոց Եկեղեցու տարբեր թեմերում ու կառույցներում սպասավորող 230 եկեղեցականներ:
Տոնի կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Հրաչ և Սյուզն Թուֆայան» հայորդյաց տանը, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ պարգևաբաշխման արարողություն:
Տերունական աղոթքից հետո ներկաներին ողջունեց քահանաների հավաքի կազմակերպիչ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Սրբազան Հայրը, շնորհավորելով Նորին Սրբությանը և ողջ հոգևորականաց դասին բերկրառատ տոնի առիթով, նշեց, որ Ս. Ղևոնդյանց տոնը հնարավորություն է ընծայում ամենքին ոգեշնչվելու նրանց օրինակով, ուրախանալու ձեռքբերումներով ու հաջողություններով և լիցքավորվելու Մայր Աթոռի կենարար շնչով:
Այնուհետև տեղի ունեցավ ավանդական պարգևաբաշխությունը: Ի գնահատություն Հայոց Եկեղեցու անդաստանում երկարամյա նվիրյալ և արդյունավոր ծառայության ու վաստակի` Վեհափառ Հայրապետը արքության պատիվ շնորհեց Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանին, Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանին և Հարավային Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Մովսես եպիսկոպոս Մովսիսյանին:
Արարատյան Հայրապետական թեմից քահանայական լանջախաչ կրելու իրավունքի արժանացան Տ. Հովսեփ քահանա Սարգսյանը և Տ. Եզնիկ քահանա Մարդիրյանը:
Պարգևաբաշխության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականաց դասին բերեց իր օրհնությունն ու հայրապետական պատգամը: Շնորհավորելով ներկաներին Ս. Ղևոնդյանց տոնի առիթով` Նորին Սրբությունը նշեց, որ Ս. Ղևոնդ երեցի և նրա ուխտակիցների հիշատակի տոնախմբումն առիթ է տալիս խորհրդածության և անդրադարձի հայ եկեղեցականի կերպարի շուրջ, նրա կոչման ու առաքելության իսկության վերաբերյալ:
«Ղևոնդ երեցը Տիրոջ Ս. Սեղանի սպասավոր էր, ինչպես այստեղ ներկա ձեզանից յուրաքանչյուրը: Խոնարհ նվիրյալ, որի կրծքի տակ բաբախում էր Աստծո և հայրենիքի հանդեպ անսահման սիրով լցված սիրտը: Այս սերն ու սեփական կյանքը Տիրոջ օրինակով իբրև փրկագին հանուն ժողովրդի վճարելու աներկբա պատրաստակամությունն էին, որ Տիրոջ նվիրյալ սպասավորի խոնարհությունը վերափոխեցին անօրինակ ուժի, հնազանդությունը` օրհնյալ ըմբոստության, մղեցին հավատը վահանի վերածելու և կենսապարգև խաչը դատապարտության սուսեր դարձնելու ընդդեմ հակառակորդների հայոց ազգի, նրա հավատի և արժեքների», - ասաց Վեհափառ Հայրապետը` համոզում արտահայտելով, որ հայոց պատմության մեջ Ս. Ղևոնդյանց ընդվզումով սկսված պատերազմը երբեք չդադարեց, այլ շարունակվեց դարերի մեջ:
«Մեր ժողովուրդը և հայ եկեղեցականը, մեր Եկեղեցին այսօր էլ կանգնած են սեփական ազգային-հոգևոր արժեքների պաշտպանության դիրքերում, քանի դեռ չեն դադարում հարձակումները մեր ազգային, հոգևոր ինքնության վրա, անհանգստացնող երևույթներ, որոնք խաթարում և խեղում են հազարամյակներով կերտված ու հղկված արժեհամակարգը: Սակայն սա երբեք չի նշանակում սահմանափակում, ներպարփակում կամ անհանդուրժողականություն: Հայը և հայկականը երբեք այդպիսին չեն եղել, ընդհակառակը` առաջագնացն են եղել ազատամտության, լայնախոհության և բարի գործոց մեջ», - ընդգծեց Հայոց Հովվապետը:
Վերհիշելով Եղիշե վարդապետի խոսքը, թե «Միաբանությունը բարի գործերի մայրն է, իսկ անմիաբանությունը՝ չար գործերի ծնունդը»` Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց միաբանության պահպանությունը հասարակական կյանքում` հավելելով, որ ազգային, պետական և եկեղեցական կյանքում կարող են արձանագրվել բարի արդյունքներ, եթե առկա է միաբանությունը:
«Միաբանության մեջ է մեր ժողովուրդն անպարտելի, մեր հոգևոր դասի միաբանության մեջ է Եկեղեցին հաղթական հոգեփրկչական իր առաքելության մեջ: …Բազում են մարտահրավերները, նվազ վնասաբեր չեն 21-րդ դարի գայթակղություններն ու փորձությունները: Այս ամենը մեզ պետք է մղի առավել զգոն լինելու, ավելի աշխույժ և ժրաջան մեր ծառայության մեջ: Անհոգնաբեկ, հանձնառության աննկուն ոգով պիտի մեր սպասավորությունը բերեք մեր ժողովրդի հոգևոր կյանքի պայծառության համար: Մենք մեր ժամանակի պատասխանատուներն ենք, հոգևոր տեսուչները: Յուրաքանչյուրիդ ծառայությամբ է այսօր պայմանավորված ամեն մի հայի, հայոց պետականության ապագան: Մեր համոզումն է, որ հոգևոր արժեքների վրա ամուր հաստատված հասարակությունն է, որ կարող է իր կյանքի վերընթացը կերտել», - ասաց Նորին Սրբությունը` հորդորելով հոգևոր դասի ներկայացուցիչներին նվիրումով, կոչման բարձր գիտակցությամբ իրականացնել իրենց ծառայությունը մեր ազգին և հայրենիքին:
Վերստին շնորհավորելով եկեղեցականներին Ս. Ղևոնդյանց տոնի ուրախ առիթով` Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայցեց Տիրոջ Ս. Հոգու առաջնորդությունը և զորակցությունը իրենց դժվարին առաքելության մեջ: