Ս. Ղևոնդյանց տոնի առիթով Մայր Աթոռում տեղի ունեցավ պարգևաբաշխություն

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Ս. Ղևոնդյանց տոնի առիթով Մայր Աթոռում տեղի ունեցավ պարգևաբաշխություն

Ս. Ղևոնդյանց տոնի առիթով Մայր Աթոռում տեղի ունեցավ պարգևաբաշխություն

Փետրվարի 21-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնախմբեց Ս. Ղևոնդյանց քահանաների հիշատակը, որի առթիվ Մայր Աթոռ Ս. Էջմիածին էին ժամանել Հայոց Եկեղեցու թեմերում ու կառույցներում սպասավորող 230 եկեղեցականներ: 
 

Տոնի կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, նախագահությամբ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ պարգևաբաշխության արարողություն:


Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի գլխավորությամբ արարողությանը մասնակցում էր նաև Արարատյան Հայրապետական թեմի քահանայից դասը:


Տերունական աղոթքից հետո հոգևորականաց դասին ողջունեց քահանաների հավաքի կազմակերպիչ, Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Բերկրաշատ տոնի առիթով շնորհավորելով Նորին Սրբությանը և Հայ Եկեղեցու ողջ հոգևորականաց դասին` Միքայել եպիսկոպոսն ընդգծեց, որ Ս. Ղևոնդյանց տոնը նորոգության կոչ է բոլոր հոգևորականներին, որպեսզի նրանք իրենց կյանքի ուղեկից ունենան Ս. Ղևոնդյանց սխրանքը և նրանց բարի օրինակով իրենց պատերազմը մղեն՝ դիմագրավելու արդի մարտահրավերները:


Հավարտ Սրբազան Հոր բացման խոսքի, տեղի ունեցավ պարգևաբաշխություն, որի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից լանջախաչ կրելու իրավունքի արժանացավ Արժանապատիվ Տ. Նշան քահանա Ալավերդյանն Արարատյան Հայրապետական թեմից՝ ի թիվս այլ թեմերում ծառայող հոգևորականների: Պարգևաբաշխությունից հետո ներկաներին իր օրհնությունն ու հայրապետական պատգամը բերեց Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:


Նորին Սրբությունն ուրախություն հայտնեց արդեն ավանդույթ դարձած համախմբման համար, երբ Ս. Ղևոնդյանց տոնի առիթով տարբեր թեմերում սպասավորող եկեղեցականներ ժամանում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ վերանորոգելու իրենց քահանայական ու ծառայական ուխտը:


Հայոց Հայրապետը նշեց, որ տոնը թե՛ Եկեղեցու սպասավորներին, թե՛ հավատացյալներին առիթ է ընձեռում` ոգեշնչվել Ս. Ղևոնդյանց քահանաների պայծառ օրինակով, նմանվել նրանց՝ առ Քրիստոս ունեցած իրենց հավատքով և առ հայրենին ունեցած սիրով ու նվիրումով:


«Քահանայի հպարտությունը, արդարև, իրեն հանձնված հոտի անդամների քրիստոնեական բարի ընթացքն է, զորեղ, նվիրյալ հավատքն առ Տերը և հավատարմությունը, նախանձախնդիր ծառայանվիրումը հանդեպ հայրենին:

Մենք գիտենք, որ անհավատության ութսուն տարիները մեծ հարված բերեցին մեր երկրին ու ժողովրդին, սակայն, փառք Աստծո, անցնող քսանհինգ տարիների ընթացքին մեծ աշխատանք տարվեց մեր Եկեղեցու և եկեղեցականաց կողմից, որպեսզի մեր զավակները վերստին իրենց հայացքով դառնան դեպի մեր Ս. Եկեղեցին, դեպի իրենց հայրերի սրբազան հավատքը և իրենց կյանքն ապրեն Քրիստոսի պատգամների ու պատվիրանների համաձայն», - նշեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` անդրադառնալով նաև ներկայիս հոգևոր կյանքից ներս արձանագրված ձեռքբերումներին:


Այսօրվա կյանքի տարբեր փորձությունների և դժվարությունների պարագայում Հայոց Հովվապետը հոգևոր հովիվներին պատգամեց մշտապես լինել իրենց հավատացյալ զավակների կողքին` նրանց և՛ մխիթարել, և՛, ի պահանջել հարկին, հանդիմանել, որպեսզի անսայթաք կերպով ընթանան Ավետարանի ճշմարիտ վարդապետության շավիղներով, կրողը լինեն այն բոլոր բարոյական արժեքների, որոնք արժանի են դարձնում Տիրոջ օրհնությանն ու ողորմությանը, հնարավորություն ընձեռում Աստծո առջև կանգնել զորեղ հավատքով ու առ հայրենին ունեցած սիրո հպարտությամբ:


Ողջունելով Մայր Աթոռ ժամանած Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունից Գերաշնորհ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանի ներկայությունը` Ամենայն Հայոց Հայրապետն ի դեմս նրանց իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքները հղեց նաև Հայ Եկեղեցու Նվիրապետական Աթոռներում և Սփյուռքի հայոց թեմերում սպասավորող բոլոր եկեղեցականներին:


Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց թեմակալ առաջնորդներին` նրանց ուժ և կորով մաղթելով հետագա առաքելության մեջ:


Նորին Սրբությունը նաև իր հայրական սերն ու օրհնությունը բերեց քահանայից դասին` հորդորելով իբրև նոր Ղևոնդ երեցներ աներեր հավատով շարունակել իրենց քաջարի, նախանձախնդիր և նվիրյալ ծառայությունն ի պայծառություն Հայոց Եկեղեցու և ի շենացումն Հայրենիքի:


Վերջում, Ս. Ղևոնդյանց քահանայից տոնի առիթով վերստին շնորհավորելով հոգևորականաց դասին, Ամենայն Հայոց Կաթողիկոսը Երկնավորից հայցեց, որ Իր Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղ պահի հայրենի երկիրը և հայ ժողովրդին` սիրով միաբան` միասնաբար լծվելու Հայրենիքի շինության և հոգևոր կյանքի կերտման նվիրական գործին:


Արարողությունն ամփոփվեց Հայրապետական «Պահպանիչ» աղոթքով:

  • 2017-02-22
×