Մամուլի ասուլիս՝ նվիրված Բուն Բարեկենդանին

Մամուլի ասուլիս՝ նվիրված Բուն Բարեկենդանին

Այսօր՝  փետրվարի 27-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ նվիրված Բուն Բարեկենդանին: Ասուլիսի բանախոսներն էին՝ Արարատյան Հայրապետական թեմի Երիտասարդաց միությունների համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը, Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության մշակույթի բաժնի գլխավոր մասնագետ Արամ Գյուրջյանը և Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց հոգևոր խորհրդի տոների և ծեսերի կազմակերպման պատասխանատու Հասմիկ Միրզոյանը:

 

Ասուլիսի ընթացքում Երիտասարդաց միությունների համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը ներկայացրեց տոնի խորհուրդը և անդրադառձավ կազմակերպված միջոցառումներին. «Ավելի քան 6 տարի առաջ երիտասարդաց միությունները ծրագիր առաջարկեցին, որն արժանացավ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությանը: Ծրագիրը նպատակ ուներ Բուն Բարեկենդանը նշել այնպես, ինչպես տոնել ենք նախկինում: Բարեկենդանին նվիրված շատ գեղեցիկ միջոցառումներ կան, որոնց մենք փորձում ենք կենդանություն տալ: Արդեն 4-րդ տարին է, մենք համագործակցում ենք Երևանի քաղաքապետարանի հետ, ինչի համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իրենց»:

 

Բուն Բարեկենդանի ժողովրդական սովորությունների և տոնակատարությունների մասին խոսեց Հասմիկ Միրզոյանը. «Ինչպես ամեն տարի, այս տարի ևս կունենանք շատ մեծ և գեղեցիկ շքերթ՝ Առաջնորդանիստ Ս.Սարգիս եկեղեցու բակից: Երթի ընթացքում կհնչի դհոլ զուռնա, մասնակիցները կլինեն դիմակներով, տիկնիկներով և կշարժվեն դեպի Ազատության հրապարակ: Այնտեղ  սպասվում է մեծ միջոցառում, կլինի թատերական մաս, կներկայացվի Բարեկենդանյան ծեսը, միաժամանակ նախատեսվում է ուտեստների ցուցահանդես վաճառք»:

 

Միջոցառմանն աջակցելու և Արարատյան Հայրապետական թեմի հետ համագործակցելու մասին խոսեց Արամ Գյուրջյանը. «Երևանի քաղաքապետարանը հանդիսանում է այս հրաշալի նախաձեռնության իրականացման գործընկերը: Այս ծրագիրը քաղաքապետարանի համար կարևորվում է համաքաղաքային, մշակութային միջավայր ձևավորելու համատեքստում: Ծրագիրը 12 օր է ինչ մեկնարկել է և նախքան բուն բարեկենդանի տոնակատարությունը,  12 վարչական շրջաններ այս օրերին ամեն մեկը առանձին, նշում է Բարեկենդանն՝ իր լուծումներով, իր գեղարվեստական մոտեցումներով: Այս տոնը մենք չենք ընկալում որպես մշակութային միջոցառում՝ իր գեղարվեստական արժեքով, սա այն տոնն է, որի և՛ սցենարի հեղինակը, և՛ գեղարվեստական ղեկավարը, և՛ գլխավոր ռեժիսիորը ժամանակին հանդիսացել է հայ ժողովուրդը»:

 

 

Մարիետտա Խաչատրյան

  • 2019-02-27
×