Գրագետ հղիություն՝ առողջ սերունդ

Գրագետ հղիություն՝ առողջ սերունդ

Կարևորելով երեխայի դերն ընտանիքում՝ «Կանա» քրիստոնեական կենտրոնը կազմակերպեց հղի կանանց համար քրիստոնեական, հոգեբանական դասընթաց: Ներկաների ուշադրության կենտրոնում էին եռյակ և միանգամից հնգյակ սպասող ապագա մայրիկները:
 

Հղիության առաջին ամիսներին կնոջ հոգեկան աշխարհը փոխվում է: Հայտնի ճշմարտություն է, որ հղի կանանց և մայրիկներին պետք է աջակցեն նաև տղամարդիկ և ապահովեն հղիության ժամանակաշրջանում նրանց հատուկ պաշտպանությունը:
 

Թե որքանով է կարևոր տղամարդու դերն այս հարցում և երեխայի դերն ընտանիքում՝ իրենց տեսակետներն արտահայտեցին Տեր Տաճատ ավագ քահանա Դավիդյանը և «Փսիլայֆ» հոգեբանական աջակցման կենտրոնի ղեկավար, հոգեբան Լիլիթ Խաչատրյանը: Ըստ նրանց, հղին պետք է հոգեպես խաղաղ լինի:
 

Տեր հայրն իր խոսքում նշեց, «Կարևոր նախապայման է ներդաշնակ ընտանիք կազմելը, երեխային հասկանալը»:
Ըստ հոգեբանի՝ առողջ երեխա ունենալու համար շատ կարևոր են ներարգանդային շրջանում երեխայի հետ զրույցները, որոնք երեխայի հետագա հաջողությունների կամ անհաջողությունների հիմքն են:

 

Հոգեբանը խորհուրդ է տալիս կարևորել ամուսինների ներգրավվածությունը հղիության ողջ ընթացքում և խաղաղ միջավայրը, որտեղ առկա է հանգստություն, ուրախություն և խաղաղություն:


Հղի կանանց համար նախատեսված քրիստոնեական, հոգեբանական դասընթացները շարունակական են: Յուրաքանչյուր հինգշաբթի ժամը 19.00-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում Տեր Տաճատ ավագ քահանա Դավիդյանը և «Փսիլայֆ» հոգեբանական աջակցման կենտրոնի ղեկավար, հոգեբան Լիլիթ Խաչատրյանը կզրուցեն հղիներին հուզող հարցերի շուրջ և կպատասխանեն նրանց հետաքրքրող հարցերին:


Դասընթացները կազմակերպվում են բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են քրիստոնեական և հոգեբանական ներդաշնակ մթնոլորտ ձեևավորել և պահպանել նորաստեղծ ընտանիքներում:

 

Նազելի Մարտիրոսյան

  • 2017-03-31
×