Փետրվարի 28-ին Շենգավիթ վարչական շրջանում տոնեցին Բուն Բարեկենդանը։ Միջոցառումը տեղի ունեցավ Ա․ Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում։ Դպրոցի սաները իրենց երաժշտական ու պարային կատարումներով հիացրեցին ներկաներին։ Տոնակատարությունը մեկնարկեց «Real dance» պարային ստուդիայի սաների հրաշալի պարով, այնուհետև ներկաները ականատես եղան «Արտիստ» թատերական ստուդիայի կողմից Հով․ Թումանյանի Քաջ Նազարը հեքիաթի ժամանակակից բեմադրմանը։
Միջոցառման ընթացքում հանդես եկան Լուսինե Զաքարյանի սաները, ովքեր նվագեցին քանոն, իսկ Սամվել Գալստյանի սաները հանդես եկան ժողովրդական երգերի գեղեցիկ կատարմամբ։ Այնուհետև ականատեսը եղանք Էդմոն Գալստյանի սաների կողմից «Բարեկենդանը» հեքիաթի բեմականացմանը։ Միջոցառումը եզրափակեցին Գոռ Մկրտչյանի սաները՝ իրենց ազգային պարերով, ինչը վարակիչ եղավ դահլիճում գտնվողների համար․ նրանք ևս միացան պարին։
Միջոցառմանը ներկա էին Շենգավիթ վարչական շրջանի աշխատակիցները, Երևանի քաղաքապետարանի մշակույթի բաժնի ղեկավար՝ Գարիկ Նազարյանը և Արարատյան Հայրապետական թեմի Երիտասարդաց միությունների համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը, ով ներկաներին ներկայացրեց տոնի խորհուրդը և տոնին նոր շունչ հաղորդելու ողջ պատմությունը։
Հիշեցնենք, որ մինչ Բուն Բարեկենդանի տոնը, որն այս տարի կնշվի մարտի 3-ին, Երևանի բոլոր վարչական շրջաններում կկազմակերպեն տոնական միջոցառումներ՝ ԱՀԹ երիտասարդաց միությունների նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։
Մարիետտա Խաչատրյան