«Ամենախելացիները» շնորհակալագիր հանձնեցին Նավասարդ Սրբազանին

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • «Ամենախելացիները» շնորհակալագիր հանձնեցին Նավասարդ Սրբազանին

«Ամենախելացիները» շնորհակալագիր հանձնեցին Նավասարդ Սրբազանին

Մարտի 27-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն ընդունեց «Արմենիա» հեռուստաընկերության «Ամենախելացին» նախագծի երրորդ և չորրորդ եթերաշրջանների մասնակիցներին, ովքեր հաղթող էին ճանաչվել «Կրոն» անվանակարգում: 
 

Երրորդ եթերաշրջանի հաղթող Տիգրան Պետրոսյանն արդեն վերադարձել է հայոց Երուսաղեմ կատարած ուխտագնացությունից: Շնորհակալություն հայտնելով Երուսաղեմ կազմակերպված ուխտագնացությանը մասնակցելու համար, նա իր տպավորություններով կիսվեց Սրբազան հոր հետ: Ուրախությամբ նշեց նաև, որ Երուսաղեմում մկրտվել է:


«Այն, ինչ լսում էի մինչ գնալս, այնքան էլ տպավորիչ չէր: Իսկապես պետք է գնալ ու անձամբ լինել Երուսաղեմում, զգալ Հայոց Երուսաղեմի շունչն ու հայերի ներկայությունը», - զրույցի ընթացքում ասաց Տիգրանը: Սրբազան հայրը նկատեց, որ նա, ով մեկ անգամ լինում է Երուսաղեմում, մշտապես ցանկանում է վերադառնալ, քանի որ սուրբ վայրերը հոգևոր ձգողականություն ունեն:


Շնորհավորելով չորրորդ եթերաշրջանի «Կրոն» թեմայում լավագույն արդյունք գրանցած Վահե Համբարձումյանին՝ Նավասարդ Սրբազանը հետաքրքրվեց, թե որտեղից է կուտակել կրոնի ու մասնավորաբար՝ Հայ Եկեղեցու մասին գիտելիքը: Վահեն պատմեց, որ սիրով է մասնակցում «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի դասերին, կարդում է Աստվածաշունչը:


Վահե Համբարձումյանն, ով նույնպես արժանացել է Արարատյան Հայրապետական թեմի սահմանած մրցանակին, առաջիկա ուխտավորների խմբի հետ կմեկնի Երուսաղեմ։ Սրբազան հայրն ընդծեց, որ ուխտագնացությունը բացառիկ հնարավորություն կլինի բացահայտել մեր նախնյաց այն լուրջ ու մեծածավալ ներդրումը, որ ունեցել են հայերը քրիստոնեական Տերունակոխ սրբավայրերում, ինչպես նաև առիթ՝ հավատքի մեջ ամրանալ:


Հանդիպման վերջում «Ամենախելացին» հեռուստանախագծի տնօրեն Նվեր Ղազարյանը Սրբազան հորը հանձնեց նախագծի հուշամեդալն ու շնորհակալագիրը՝ նախագծին աջակցելու և «Կրոն» անվանակարգում հատուկ մրցանակ սահմանելու համար:


Հաղորդաման երեք եթերաշրջանների ընթացքում Արարատյան Հայրապետական թեմը մրցանակ է սահմանել այն մասնակցի համար, ով կիսաեզրափակիչ ու եզրափակիչ փուլերում լավագույն արդյունքը կարձանագրի «Կրոն» թեմայի հարցերին պատասխանելիս:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2017-03-27
×