Փետրվարի 28-ին Նորքի թիվ 157 դպրոցի աշակերտները ուսուցչուհի Նարինե Հարությունյանի ղեկավարությամբ բեմադրեցին գրական-երաժշտական ներկայացում՝ նվիրված հայ մշակույթի երկու մեծերին` Հովհաննես Թումանյանին և Կոմիտասին:
Միջոցառմանը ներկա էին Հայաստանի գրողների միության անդամներ Հերմինե Նավասարդյանը, Նոր Նորքի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր սպասավոր տեր Թովմա քահանա Անդրեասյանը: Վերջինս խոսեց հայ մշակույթի երկու մեծությունների՝ Թումանյանի և Կոմիտասի մասին և շեշտեց. «Իզուր չէ, որ նրանք ասպարեզ եկան հենց այդ ժամանակ` հայ ժողովրդի համար մեծագույն փորձությունների շեմին: Փորձությունները դեռևս շարունակվում են, բայց մենք, ունենալով մեր մշակույթի այդ վառ ճրագներին, կարողանում ենք մեր ժամանակի մեջ կողմնորոշվել և առաջնորդվել նրանց ազգային չափորոշիչներով, մոտեցումներով և թույլ չտալ, որպեսզի մեր ազգային դիմագիծը, մեր մշակույթը կուլ գնա ժամանակի մարտահրավերներին, մեզ ուրիշներին ձուլել ցանկացող նորամուծություններին և փորձերին»:
Հերմինե Նավասարդյանն էլ միջոցառման ավարտին գրքեր նվիրեց դպրոցի գրադարանին:
Դպրոցի տնօրեն Նարինե Միրզոյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին և հատուկ շեշտադրեց դպրոց-եկեղեցի կապը, թե որքան կարևոր է հոգևորականի այցելությունը դպրոց և՛ մշակույթի, և՛ գրականության, և՛ կրթության տեսանկյունից:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին