Նավասարդ Սրբազանը պարգևատրեց մրցույթի հաղթողներին

Նավասարդ Սրբազանը պարգևատրեց մրցույթի հաղթողներին

Փետրվարի 27-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախագահությամբ տեղի ունեցավ Ս. Սարգսի տոնին նվիրված հանրապետական 6-րդ մրցույթ-ցուցահանդեսի պարգևաբաշխումը:
 

Նավասարդ Սրբազանի հանդիսապետությամբ միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով:
 

Այնուհետև Աշխարհի հայ նկարիչների միության համանախագահ Ղազար Միրզոյանը  Սրբազան հորը ներկայացրեց մրցույթի մասնակիցներին: Նրանց մեջ կային երիտասարդներ, ովքեր առաջին անգամը չէ, որ մասնակցում էին այս մրցույթին: Պարոն Միրզոյանը շնորհակալություն հայտնեց Նավասարդ Սրբազանին ու Արարատյան Հայրապետական թեմին՝ նկարիչներին ու քանդակագործներին իրենց աշխատանքները ներկայացնելու նման գեղեցիկ հնարավորություն ընձեռելու համար: Ղազար Միրզոյանը նկատեց, որ մի քանի տարվա ընդհատումից հետո վերականգնված մրցույթն այս տարի ստեղծագործական շատ ավելի բարձր որակ էր ապահովել. թեմայի շուրջ ներկայացված աշխատանքներն ավելի շատ էին: Նա հորդորեց ստեղծագործներին, որ իրենց ուշադրության կենտրոնում պահեն ազգային թեմաները, ազգայինը դարձնեն իրենց ստեղծագործության առանցքը:
 

Սրբազան հայրը ողջունեց ներկաներին և գոհունակություն հայտնեց Հայաստանի նկարիչների և Աշխարհի հայ նկարիչների միությունների հետ երկար տարիների համագործակցության համար: Նա շնորհավորեց մրցույթի հաղթողներին և մաղթեց, որ Ս. Սարգսի կերպարը նրանց համար դառնա նորանոր ներշնչանքների առիթ, որպեսզի  կարողանան Աստծո կողմից իրենց տրված շնորհները արդյունավորել նոր արարումներով և գեղեցիկ ստեղծագործություններով:
 

Ս. Սարգսի տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմը, Աշխարհի հայ նկարիչների միությունը և Հայաստանի նկարիչների միությունը կազմակերպել էին ստեղծագործական մրցույթ՝ չորս անվանակարգերով՝ գեղանկար, գրաֆիկա, քանդակ, դեկորատիվ-կիրառական արվեստ: Մրցույթին ներկայացված էին շուրջ 40 նկարչի 100-ից ավելի աշխատանքներ:
 

Մանագիտական ժյուրիի ընտրությամբ մրցանակների արժանացան 11 մասնակից. 4 առաջին, 4 երկրորդ և 3 երրորդ մրցանակ: Երկրորդ և երրորդ տեղեր գրավածներն արժանացան պատվոգրերի ու գրքերի:
 

Քանդակագործություն անվանակարգում առաջին տեղը գրավեց Արման Համբարձումյանը, գեղանկարչություն  անվանակարգում՝ Գայ Ղազանչյանը, գրաֆիկա անվանակարգում՝ Լիլիթ Արսենյանը և դեկորատիվ-կիրառական արվեստ անվանակարգում՝ Սիրարփի Միրզոյանը:
 

Առաջին մրցանակին արժանացած ստեղծագործողները բացի պատվոգրերից Նավասարդ Սրբազանի կողմից արժանացան նաև դրամական պարգևների:
 

Հայաստանի նկարիչների միության կողմից սահմանված խրախուսական մրցանակների արժանացավ երեք մասնակից:

 
 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2019-02-27
×