Հուլիսի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ և Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախաձեռնությամբ իրականացվող՝ «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրի շրջանակներում, Դավթաշենի Ս. Նահատակաց եկեղեցում դրամական օգնություն բաշխվեց 2010-2015 թ. հունվարի 31-ի դրությամբ հաշվառված Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա, Դավթաշեն համայնքների 3-րդ խմբի 38 զինհաշմանդամների:
Դավթաշենի Ս. Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Խորեն քահանա Մարուքյանը ներկաներին փոխանցեց Տ. Նավասարդ Սրբազանի հայրական օրհնությունները, շնորհակալական ու երախտիքի խոսքեր ասաց զինհաշմանդամներին՝ հայրենիքին աձնվեր ծառայություն մատուցելու համար: Ապա ԱՀԹ բարեգործական ծրագրերի համակարգող Շուշան Պետրոսյանը ներկայացրեց «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագիրը:
Դրամաբաշխությանը ներկա էին Մալաթիայի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Տիրան քահանա Առուշանյանը, ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տ. Եսայի քահանա Արթենյանը:
«Մենք մեր զինվորի կողքին ենք» բարեգործական երկրորդ ծրագրի դրամաբաշխության փուլը շարունակվում է: Ս. Սարգիս զորավորի տոնի առթիվ երկրորդ անգամ հավաքված 50 մլն դրամ գումարը բաշխվում է հայոց բանակում ծառայած զինվորների ընտանիքներին: Այս տարի աջակցություն են ստանում նախորդ տարի ծրագրում չընդգրկված՝ զոհված զինվորների ընտանիքները և զինհաշմանդամները: Ծրագիրն իրականացվում է Արարատյան Հայրապետական թեմի տարածքում՝ Երևանում և Արարատի մարզում: Դրամաբաշխությունը կատարվում է ՀՀ ՊՆ սոցիալական պաշտպանության վարչության տրամադրած ցուցակով: