Նավասարդ Սրբազանը հոգեհանգստյան կարգ կատարեց Անդրանիկ Մարգարյանի հիշատակին

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Նավասարդ Սրբազանը հոգեհանգստյան կարգ կատարեց Անդրանիկ Մարգարյանի հիշատակին

Նավասարդ Սրբազանը հոգեհանգստյան կարգ կատարեց Անդրանիկ Մարգարյանի հիշատակին

Մարտի 25-ին Կոմիտասի անվան պանթեոնում Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախագահությամբ կատարվեց Հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ Անդրանիկ Մարգարյանի մահվան 10-րդ տարելիցի:


Արարողությանը ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն, ընտանիքի անդամները:


Դիմելով ներկաներին՝ Սրբազան հայրը մասնավորապես ասաց.


«Այսօր մեր մտքերը Անդրանիկ Մարգարյանի ապրած օրերի հետ են: Մենք շատ ենք խոսել նրա կյանքի ու գործունեության, հայրենասիրության, ընկերասիրության, պետականասիրության մասին: Արդեն տասը տարի նա մեզ հետ չէ, սակայն կարծում ենք, որ պահն է իր կյանքի ապրված ու ապրեցնող օրերն արժևորելով՝ նրա տեսլականն իբրև կտակ հնչեցնենք այսօր:


Էրգիր և անկախ հայրենիք. «Երկրի ճանապարհը սկսվում է էրգրից»:
«Մուշի մեր գյուղացիներով միշտ միասին էինք, նրանք էլի մեր հարևաններն էին, և իմ մանկությունն անցավ նրանց ծնկների վրա, նրանց պատմությունների մեջ՝ Գևորգ Չաուշ, Անդրանիկ, Սոսե, Աղբյուր Սերոբ: Բնականաար, այդ ամենը նստվածք էր տալիս ու հարցեր առաջացնում՝ ինչու՞ այդպես վարվեցին: Ու երբ արդեն ոտք դրեցինք պատանության շրջան՝ 14-15 տարեկանում որոշեցինք, որ Էրգիր գնալու միակ ճանապարհը պետություն ունենալն է»:


Ազգ և ժողովուրդ. «Մի ժողովուրդ, որ կարող է հիշել ու պանծացնել իր նախնիներին, ապրելու է հավերժ»:


Անկոտրում ոգի. «Սիրտս պողպատ է, գնդակը միայն իր խղճուկ հետքը կարող է թողնել՝ ցույց տալով սրտիս ամուր լինելը, կյանքը հավատ է, հույս տիեզերաչափ»:


Անկախություն. «Ոչինչ մինգամից չի լինում, և անհաջողություններից էլ չպետք է հուսահատվել: Սա է մեր երկիրը, մեր ինքնիշխան պետությունը: Լավն է այն, թե վատն է՝ մերն է: Սևացնել այն, արժեզրկել անկախության գաղափարը՝ վկայակոչելով օրվա դժվարությունները, մենք համարում ենք անընդունելի և մեր հետագա գործունեությունը նպատակաուղղելու ենք այդ դժվարությունների հաղթահարմանը, հզոր, բարեկցիկ պետության կայացմանը»:


«Չլուծվող հարցեր չկան: Ընդամենն անհրաժեշտ է մի կողմ դնել անձնական, հատվածական կամ կուսակցական շահերն ու հավակնություններն ու հիշել, որ բոլորիս գերխնդիրը մեկն է՝ պետականաշինության հիմքերի ամրապնդումը»:


Քննադատողների մասին. «Եթե կան գործ անողներ, քննադատողների պակաս չի զգացվի: Սա քաղաքական ճահճացումից դուրս գալու ամենանորմալ ճանապարհն է: Չի բացառվում, որ հետո տեղերը փոխվեն՝ գործ անողները դառնան քննադատողներ, քննադատողները զբաղեցնեն նրանց տեղը: Արտառոց ոչինչ չեմ տեսնում այստեղ: Սա է իրական քաղաքական պայքարը»:


Մարդկային արժանապատվություն և բարոյականություն. «Եթե որևէ նպատակ ես դնում, դրան պետք է հասնես բարոյական կանոնների համաձայն»:
«Հզոր Հայաստանի միակ բանաձևը հայրենապաշտ հայն է»:


«Գործել՝ ելակետ ունենալով ազգային և մարդկային արժանապատվության գիտակցումը»:


Ազգային և պետական շահ. «Յուրաքանչյուր պետական պաշտոնյա պետք է նախ մտածի, որ ցանկացած շահ ստորադաս է ազգի և պետության շահին, ցանկացած ոք պարտավոր է մտածել, որ ազգային և պետական շահերից վեր իր համար գաղափար գոյություն չունի, նրա համար հանուն այդ գաղափարի պայքարելն ու զոհվելը նրա սուրբ պարտքն է»:


Պետություն, ընտանիք և հավատ. «Սեփական երկրին տեր կանգնելու փոխարեն տեր փնտրողները, պատմության դատին հանձնվելով, մշտապես դատապարտվելու են: Սեփական արժանիքները չգիտակցելը, համաշխարհային գործընթացներում հայոց պետության արժանի տեղն ու դերը ճիշտ չպատկերացնելը, միջազգային հանրության ինտեգրման պրոցեսներն անպայման խամաճիկ դառնալու հետ շփոթողները մերժելի են»:
«Առանց համերաշխ ընտանիք ունենալու չես կարող պետության ազգի միասնությանը խթանող գործունեությամբ զբաղվել: Ոչ ոք չի հավատա, իսկ ցանկացած գործ հավատով է արվում։ Մինչդեռ կիսատ-պռատ հավատ չի լինում»:


Խունկ, աղոթք և մշտանորոգ օրհնություն մեր սիրելի Անդրանիկ Մարգարյանի վառ հիշատակին»:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2017-03-25
×