Մարտի 22-ին Արարատյան Հայրապետական թեմի «Ծաղկազարդ» համախումբը (գեղ. ղեկավար՝ Լիլիթ Գրիգորյան) Վիրահայոց թեմի Ախալքալաքի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մասնակցեց «Հայկական գաթա-2017» փառատոնին: Հայ Եկեղեցու Վիրահայոց թեմի հրավերով և ՀՀ Սփյուռքի նախարարության աջակցությամբ «Ծաղկազարդ»-ը փառատոնին մասնակցում է արդեն երկրորդ անգամ: «Հայկական գաթա» փառատոնն անց է կացվում Մեծ Պահքի Միջինքին։
Մի քանի տարի առաջ ձեռնարկված գեղեցիկ նախաձեռնությունը վերածվել է սպասված ավանդույթի: Այս տարի ևս ջավախահայ տանտիկինները որոշել էին բոլորին զարմացնել տարատեսակ գաթաների գեղեցկությամբ ու համով։ Տարեցտարի փառատոնի մասնակիցների թիվն ավելանում է: Այս տարի փառատոնին ներկայացված էր հինգ տասնյակից ավելի գաթա:
Միջոցառումից առաջ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տ. Բաբկեն վարդապետ Սալբիյանի հանդիսապետությամբ կատարվեց հանդիսավոր ժամերգություն։
Հավարտ ժամերգության «Ծաղկազարդ» համախումբը հանդես եկավ մենահամերգով՝ կատարելով հոգևոր ու ազգային երգեր:
Համերգից հետո հոգևորականները Սեղանի օրհնության կարգ կատարեցին՝ օրհնելով գաթաները:
Միջոցառման ավարտին Հայր Բաբկենն օրհնության և գնահատանքի խոսք ասաց փառատոնի հյուրերին, աջակիցներին, կազմակերպիչներին ու ներկաներին:
Փառատոնին ներկա էին Վրաց Ուղղափառ Եկեղեցու Ախալքալաքի և Կումորդոյի միտրոպոլիտ Նիկոլոզ Փաճուաշվիլին, ՀՀ սփյուռքի նախարարության ներկայացուցիչները, Ջավախքին աջակցություն հիմնադրամի (ՋԱՀ) գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը, պաշտոնյա այրեր, մշակույթի գործիչներ: