Բուն Բարեկենդանի տոնը՝ Նուբարաշեն վարչական շրջանում

Բուն Բարեկենդանի տոնը՝ Նուբարաշեն վարչական շրջանում

Այսօր՝ մարտի 1-ին, Երևանի Նուբարաշեն թաղային համայնքի մարզամշակութային կենտրոնում տեղի ունեցավ բարեկենդանին նվիրված միջոցառում: 

 

«Արդեն 6-րդ տարին է, որ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ տեղի է ունենում այս գեղեցիկ միջոցառումը: 12 օր շարունակ վարչական շրջանները տոնում են Բուն Բարեկենդանը, այս կերպ նրանք կարևորում են ազգային և ժողովրդական ավանդույթների վեր հանումը»-ասաց Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմիոս քահանա Հակոբյանը:

 

 

Միջոցառմանն իրենց մասնակցությունն էին բերել Ղևոնդ Ալիշանի անվան համար 95 միջնակարգ դպրոցի աշակերտները և աշխատակազմը: Երեխաների մասնակցությամբ բեմադրվել էր Հովհ. Թումանյանի «Բարեկենդանը» հեքիաթը, այնուհետև Նուբարաշենի մանկապարտեզի փոքրիկների մասնակցությամբ ականատեսը եղանք ազգային լավաշի թխման արարողությանը: Իրենց գեղեցիկ պարերով ներկաներին հիացրեցին «Նուբար», «Էլբի» և «Իքսինա» պարային ստուդիաների սաները:

 

 

Միջոցառմանը ներկա էին Արարատյան Հայրապետական թեմի Երիտասարդաց միությունների համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը, Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Գոհարիկ Ոսկանյանը, Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության մշակույթի բաժնի գլխավոր մասնագետ Արամ Գյուրջյանը:

 

 

Հիշեցնենք, որ մինչ Բուն Բարեկենդանի տոնը, որն այս տարի կնշվի մարտի 3-ին, Երևանի բոլոր վարչական շրջաններում կկազմակերպեն տոնական միջոցառումներ՝ ԱՀԹ երիտասարդաց միությունների նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։

 

 

Մարիետտա Խաչատրյան

  • 2019-03-01
×