«Քայլող Ավետարան» ծրագրի նպատակն է Աստծու կենդանի խոսքը, Հիսուսի առակների իմաստությունը քարոզել սահմանամերձ գյուղերի բնակիչներին, որոնք սոցիալապես դժվարին կացության մեջ են։ Ծրագիրն իրականացնող խմբի առաջադրանքն է համախմբել գյուղական համայնքի ազգաբնակչությանը՝ խոսելով քրիստոնեական արժեքների, Ս. Գրքի և Հայ Եկեղեցու կարևորության մասին` բացատրելով և պարզաբանելով Հիսուսի առակները, սովորեցնելով սաղմոսներ, աղոթքներ ու շարականներ, նրանց ներգրավել սուրբգրային ընթերցումների մեջ։
2006թ.-ին սկիզբ առած այս ծրագիրը արդեն իսկ իրականացվել է Տավուշի, Գեղարքունիքի և Արմավիրի 26 գյուղերում։ Սա Աստվածաշնչյան Ընկերության առաջին ծրագիրն է Արարատի մարզում, որն իրականացվելու է Երասխ և Զանգակատուն համայնքներում: Մեզ հետ զրույցում պրն. Գաբուջյանը ասաց. «Մարտի 1-ին ես և Արարատի մարզի Ս. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Դավիթ քահանա Սահակյանը միասին եղանք Երասխի դպրոցում, որտեղ էլ հանդիպեցինք համայնքի բնակիչների հետ, ունեցանք հոգևոր զրույց։ Հանդիպման ընթացքում խոսեցինք Աստվածաշնչյան գիտելիքների մասին։ Այն համայնքներում, որտեղ գործող եկեղեցի չկա, մենք փորձում ենք կապ ստեղծել քահանայի և բնակչության հետ։ Այս ծրագիրը կանոնավոր կերպով՝ 3 ամիս շարունակ, իրականացնելու ենք Երասխ և Զանգակատուն համայնքներում։ Հանդիպման ընթացքում ներկաներին բաժանեցինք «Քայլող Ավետարան» գրքեր։ Կցանկանայի նշել, որ մենք միաժամանակ սկսել ենք ևս մեկ ծրագիր, որը տեղի է ունենում Արարատյան Հայրապետական թեմի Արարատի մարզի Հոգևոր Տեսուչ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի նախաձեռնությամբ։ Ծրագրի ընթացում դասխոսություններ ենք կարդալու Հայ Եկեղեցու պատմություն առարկան դասավանդող ուսուցիչների համար»։ Նշենք, որ այս ծրագիրը շարունակական է և նպատակ ունի իր մեջ ներգրավվելու նոր համայնքներ։