Թեմի երիտասարդները նշեցին Միջինքը

Թեմի երիտասարդները նշեցին Միջինքը

Մարտի 22-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ թեմի երիտասարդները նշեցին Մեծ Պահքի Միջինքը: Տոնախմբությանը մասնակցում էր նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն, ով մշտապես աջակցում է թեմի երիտասարդների հոգևոր-քարոզչական ծրագրերին:


Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով, ապա Նավասարդ Սրբազանը ողջունեց ներկաներին և օրհնեց տոնական սեղանը: Թեմի երիտասարդական կառույցների հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը ներկայացրեց Միջինքի խորհուրդը և տոնի առթիվ երիտասարդների կատարած աշխատանքը:


Միություններից յուրաքանչյուրը ներկայացրեց Միջինքի ավանդական ուտեստներից մեկը: Միջոցառման զարդը՝ Միջինքի գաթան, Սրբազան հոր առաջարկով կտրեց Տարոն Մարգարյանը: Գաթայի միջի օրհնված խաչը բաժին հասավ Նորք-Մարաշի Ս. Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության անդամ Աստղիկ Փիլթոյանին:


Սրբազան հայրն իր գնահատանքը բերեց երիտասարդներին, ովքեր արդեն մի քանի տարի «Վերականգնենք ազգային տոները» խորագրի ներքո նշում են ազգային-եկեղեցական տոները՝ փորձելով վերականգնել և հանրայնացնել ժողովրդական ավանդույթները:
Սրբազան հայրը շնորհակալություն հայտնեց նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ում հանձնարարությամբ Տեառնընդառաջի և Բուն Բարեկենդանի տոները մեծ շուքով նշվեցին մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Նավասարդ Սրբազանն ի նշան գնահատանքի Օրհնության գիր շնորհեց Տարոն Մարգարյանին:


Սրբազան հայրն օրհնության գիր շնորհեց նաև թեմի երիտասարդական կառույցներին՝ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ, պատվոգրեր ու շնորհակալագրեր` Բուն Բարեկենդանի տոնախմբության կազմակերպիչներին, ազգագրական ու գործիքային խմբերին, տիկնիկային թատերախմբերին և ակտիվ մասնակիցներին:


Երեկոյի ընթացքում ելույթ ունեցան Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդական կառույցների «Նշխարք» վոկալ անսամբլը և «Վարք հայոց» ազգագրական երգի-պարի խումբը:


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2017-03-22
×