Մարտի 3-ին Մասիսի Ս. Գևորգ եկեղեցում Բուն Բարեկենդանի տոնը նշվեց մեծ շուքով։ Ս.Պատարագի և հոգևոր տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի քարոզխոսությունից հետո մեկնարկեց ժողովրդական տոնահանդեսը Ս. Գևորգ եկեղեցուց` Ֆրանկոֆոնիայի այգի։
Միջոցառումն իր ներկայությամբ պատվել էր Հայաստանում Ֆրանսիայի դեսպան` Ջոնաթան Լաքոտը` մի խումբ բարեկամներով, ովքեր ներկաներին պատմեցին տոնի հետ կապված ֆրանսիական ավանդույթները։
Միջոցառումների շարքը կազմակերպվել էր եկեղեցու երիտասարդաց միության և Մասիսի երիտասարդական կենտրոնի համատեղ ջանքերով։ Տոնահանդեսին ակտիվ մասնակցություն ունեցան Մասիսի հանրակրթական և երաժշտական դպրոցները, Գյուղատնտեսական քոլեջը, «Սիրոն» թատերախումբը։ Ժողովրդական պարերով տոնը զարդարեց «Կարին» պարի համույթը։
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին