Մեծ Պահքի շրջանում Հայ Առաքելական եկեղեցում Ս. Պատարագը մատուցվում է վարագույրը փակ: Այն խորհրդանշում է մեղքի պատճառով երկնքի արայության դռների փակվելը։
Խորանի վարագույրը բացվում է Ս. Հարության տոնի Ճրագալույցի Պատարագի ժամանակ: Սակայն Մեծ Պահքի ընթացքում կան հիշատակության օրեր և տոներ, երբ Ս. Պատարագը մատուցվում է բաց խորանով: Այդ օրերն են Ս. Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների և Խոր Վիրապ մտնելու հիշատակության օրը (այս տարի՝ ապրիլի 1-ին), Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը (այս տարի՝ ապրիլի 7-ին) և Ծաղկազարդի՝ Հիսուս Քրիստոսի՝ Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակության տոնը (այս տարի՝ ապրիլի 9-ին): Այդ օրերին հավատացյալները, մասնակցելով Ս. Պատարագին, կարող են Ս. Հաղորդություն ստանալ:
Մեծ Պահքի ընթացքում ընդունված չէ մատաղ անել, քանի որ այդ շրջանում արգելված են կենդանական ծագմամբ կերակուրները: Շատ ավելի խրախուսելի է այդ շրջանում ողորմություն անել և գթասրտություն ցուցաբերել կարիքավորներին և նեղյալներին՝ օգնելով նրանց գումարով, հագուստով, սննդամթերքով կամ հնարավոր այլ տարբերակներով:
Ս. Մկրտություն խորհրդի կատարման համար որևէ արգելք չկա, Ս. Մկրտության խորհուրդը կատարվում է տարվա ցանկացած օր:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին